Չեմ բացառում, որ ստիպված կլինենք ընտրություններն անցկացնել հին օրենսգրքով. Բորիս Նավասարդյան
Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանական քննարկումներն առայժմ էական արդյունքներ չեն տվել։ Կառավարության և Ազգային ժողովի դիրքորոշումներն հաճախ նույն կետում չեն հատվում, քննարկումների ընթացքում տարաձայնություններ և տարակարծություններ են հնչում։ Սա, իհարկե, բնական գործընթաց է, և զարմանալի կլիներ, եթե երկու կողմերի կարծիքները 100 տոկոսով համընկնեին։ Սակայն մյուս կողմից անհանգստություն կա, որ անվերջ անհամաձայնությունները կարող են հանգեցնել անպտուղ, ոչինչ չտվող քննարկումների։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մեկն է այն անձանցից, որ կարծում է՝ Ընտրական նոր օրենսգրքի ընդունման գործընթացն արհեստականորեն ձգձգվում է։ Ֆեյսբուքի իր էջում նա մտահոգություն է հայտնել, որ որոշ շրջանակներ հույս ունեն, թե արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելու հետաքրվածությունը նոր իշխանություններին կստիպի գնալ փոխզիջումների։
Պարզելու՝ վերջինս ի՞նչ դիրքորոշում ունի ԸՕ քննարկումների՝ արդյունավետ լինել-չլինելու շուրջ, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց նրա հետ։
«Իմ մտահոգությունը երկու ուղղությամբ է։ Առաջինը, որ կառավարության կողմից ձևավորված հանձնաժողովը կարծես թե շատ դանդաղ է աշխատում։ Մենք առայժմ պրակտիկ արդյունքներ չենք տեսնում։ Թեև կազմակերպվում են բազմաթիվ հանդիպումներ, բայց դրանք, իմ տպավորությամբ, ավելի շատ brainstorming-ի (մտքերի փոխանակություն՝ խմբ.) ձևաչափով են, քան կոնկրետ ուղղություններով բարեփոխումների քնարկման։
Մտահոգությանս մյուս ուղղությունն այն է, որ խորհրդարանում ձևավորված հանձնաժողովը որոշ առումով այլ տրամաբանությամբ է աշխատում։ Ամեն դեպքում իմ հետևությունն այնպիսին է, որ այնտեղ ցանկանում են հնարավորինս քիչ սկզբունքային հարցերի անդրադառնալ և համապատասխան փոփոխություններ կատարել»,- ասաց Բորիս Նավասարդյանը։
Երևանի մամուլի ակումբի նախագահի համոզմամբ, երկու կողմերի հակասական մոտեցումները կարող են բերել նրան, որ կոնսենսուսի բացակայության պարագայում խորհրդարանն ուղղակի ձեռնպահ կմնա լուրջ փոփոխություններ կատարելուց։
«Ես նույնիսկ չեմ բացառում, որ ստիպված կլինենք ընտրություններն անցակացնել հին օրենսգրքով, իսկ դա շատ ռիսկային է՝ հաշվի առնելով այն բոլոր բացասական երևույթները, որ ունեինք 2017 թվականին։ Կամ էլ հեղափոխության ժամանակ հաղթած քաղաքական ուժն ուղղակի ճնշումների միջոցով կստիպի ընդունել իր տարբերակը։ Սա կարող է վնաս հասցնել ժողովրդավարական գործընթացներին։
Միայն այն դեպքում, եթե կառավարության կողմից ձևավորված նախագիծը համապատասխանի միջազգային ստանդարտներին, ստանա միջազգային կառույցների աջակցությունը, լուրջ փաստարկներ կլինեն, որ փաստաթուղթը կկարողանա հաղթահարել խորհրդարանական արգելքը»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ուզում ենք ունենալ ԸՕ, պետք է մեկ գործ անենք. Նաիրա Զոհրաբյան
- Արտախորհրդարանական ուժերը պատրաստ են մասնակցելու ԸՕ-ի շուրջ քննարկումներին
- Արփինե Հովհաննիսյան. Պատրաստ ենք մասնակցել ԸՕ փոփոխություններին
- ԸՕ քննարկումների ժամանակ բոլորն էլ ինչ-որ բան պետք է ասեն. քաղաքագետ
- Դավիթ Հարությունյանը կհամակարգի ԸՕ բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները
- ԸՕ փոփոխություններով զբաղվող աշխատանքային խումբն փակ նիստ է անցկացնում
- ԸՕ նախագծի վերաբերյալ առաջարկները շատ տրամաբանական են. Ռուստամյան
- Վարչապետը որոշում է ստորագրել ԸՕ բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին