Խախտումներ՝ Մհեր Սեդրակյանին, Գագիկ Ծառուկյանին, Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայաններում
Պետական եկամուտների կոմիտեն 8 գազակայաններում կատարած ստուգումների արդյունքում հայտնաբերել է 946 մլն դրամի խախտում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահը ներկայացրեց, թե ում գազալցակայաններում են ստուգումներն իրականացվել. «Կարող եմ անուններ հրապարակել, թեև համապատասխան փաստաթղթերն ինձ հետ չեմ բերել: Օրինակ՝ գազալցակայաններից մեկը պատկանում է Մհեր Սեդրակյանին, կա ընկերություն, որ պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին։ Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում հայտնաբերվել է 15 մմլն դրամի խախտում, որն ամենաքիչ խախտումներից է», - նշեց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ ցանկում կա նաև Գագիկ Ծառուկյանի անունը, իսկ Հովիկ Աբրահամյանի անունը չկա։
Նրա խոսքով՝ բոլոր կազմակերպությունների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել ու եթե դրա շրջանակներում պետությանը հասցված վնասը վերականգնվում է, ապա տնտեսվարողի նկատմամբ քրգործը կարճվում է։
«Այսօր տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման պահանջ կա հասարակության մոտ: Պետք չէ տնտեսվարողին տանել նստացնել, դրա արդյունքում մենք կորցնում ենք պոտենցիալ հարկ վճարողի: Պետք է նրա վարքագիծը գնահատել, ճիշտ ուղու վրա դնել»,- ասաց ՊԵԿ նախագահը: