Ինձ արգելվել է Ս. Աստվածածին եկեղեցում իրականացնել հոգևոր ծառայություն. Խաչիկ դպիր
Ամբերդի հոգևոր տեսուչ Խաչիկ դպիրը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախօրեին իրեն են փոխանցել ՀՀ մշակույթի նախարարություն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքը, որի համաձայն՝ իրեն արգելվել է Ամբերդի Ս. Աստվածածին եկեղեցում իրականացնել հոգևոր ծառայություն։
«Էսօր հուշարձանների ծառայության ՊՈԱԿ-ի տնօրեն Թարվերդյանի բանավոր խոսքի համաձայն, որն ինձ փոխանցեց իր աշխատակիցը, ինձ արգելվել ա Ամբերդի Ս. Աստվածածին եկեղեցում իրականացնել հոգևոր ծառայություն (մոմավաճառությունից մինչև Ս. Պատարագների մատուցում):
Բացատրությունը մոտավոր կայանում է հետևյալում, քանի որ ամրոցն ունի արգելոցի կարգավիճակ, այդ պատճառով չենք կարող իրականացնել հոգևոր գործառույթներ: Ուզում եմ հստակ ամրագրել մի կարևոր փաստ: Այս հուշարձան ամրոցի եկեղեցին սիրված սրբավայր է: Հայաստանի տարբեր վայրերից ուխտի են գալիս մարդիկ, որոնք գալիս են հենց միայն եկեղեցու համար: Հաճախ Երևանից մարդիկ ոտքով գալիս են սրբավայր իրենց աղոթքը, Ս. Պատարագը մատուցելու Տիրոջը: Դեմ գնալ ժողովորդի հոգևոր ապրումներին ու զգացումներին կբերի շատ բարդ հետևանքների: Դիմում եմ պատկան բոլոր մարմիններին, վերանայելու իրենց որշումն այս հարցում: Սիրով և աղոթքով Ամբերդի հոգևոր տեսուչ Խաչիկ դպիր:
Հ. Գ. Պատկան մարմիններին խորհուրդ կտամ, այցելեն Ամբերդ ու տեղում ծանոթանան Ամբերդի «ռեմոնտին» այլանդակ շինարարությանն ու շինարարական ծավալների խաբեությանը: Առայժմ այսքանը: Ամեն ինչ փաստերով պահված է»,- գրել է Ամբերդի հոգևոր տեսուչ Խաչիկ դպիրը:
Ամբերդի հոգևոր տեսուչ Խաչիկ դպիրի գրառմանն արձագանքել է մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը, ով հայտնել է, որ հեռախոսով զրույցել է Խաչիկ Վարդանյանի հետ, կհանդպեն, Ա. Թարվերդյանից պարզաբանում կպահանջի:
«Խնդիրը լուծում կստանա՝ մի՛ անհանգստացեք»,- գրել է փոխնախարարը:
Panorama.am-ը փորձեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից պարզել, թե ինչու է Խաչիկ դպիրին արգելվում Ամբերդի Ս. Աստվածածին եկեղեցում իրականացնել հոգևոր ծառայություն։ ՊՈԱԿ-ը հնարավոր է ավելի ուշ հանդես գա մեկնաբանությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Տեր Վահրամ. Այսօր կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրը
- Ոստիկանությունը Մայր Աթոռից հեռացրել է ակցիայի մասնակիցիներին
- Սուրբ Գեղարդի շուրջ կասկածներ սերմանողները պատմական հիմքերին անտեղյակ են. Տեր Ասողիկ քահանա
- Սուրբ Գեղարդից մի փոքրիկ մասունք նվիրաբերվել է Ալեքսի Երկրորդ պատրիարքին. Տեր Ասողիկ
- Տեր Վահրամ. Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ներխուժել են Դիվանատան շենք
- Կաթողիկոսը ցույցի մասնակիցներին հրավիրել է Սուրբ Էջմիածին