«Աշտարակ կաթ»-ից հաստատում են՝ կառավարությունում առաջարկել են ապրանքային նշանը վերադարձնել նախկին սեփականատիրոջը
«Աշտարակ Կաթ» ընկերությունից հաստատում են՝ կառավարությունում ընկերության ներկայացուցիչների ու ՀՀ վարչապետի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի հանդիպմանը քննարկվել է ապրանքային նշանը նախկին սեփականատիրոջը՝ Աշոտ Ափոյանին վերադարձնելու հարցը:
Հիշեցնենք, որ Աճեմյանն օրերս հայտարարել էր՝ «Կյանքի խոսք»-ի հետևորդ է, ընկերության նախկին սեփականատեր ու նախկին պատգամավոր Ափոյանն էլ նույն եկեղեցու հետևորդ է: Դրա մասին հրապարակումներ շատ են եղել:
Lurer.com-ի հրապարակման համաձայն, Աճեմյանը ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի անունից: Ըստ աղբյուրի, նա նաև սպառնմացել է, որ հարցը չլուծվելու դեպքում գործին կխառնվի ԱԱԾ-ն:
Ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ՀՀ վարչապետի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի և «Պարգև» ՍՊԸ ղեկավարների միջև իրոք տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ իրապես քննարկվել է Աշտարակ Կաթ ապրանքային նշանը «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին փոխանցելու հնարավորությունը, սակայն սպառնալիքներ չեն հնչել, ինչպես մեջբերված է լրատվական կայքում։
«Պարգև» ՍՊԸ-ն ներկայացրել է բոլոր օրինական հիմքերը, որոնք թույլ են տալիս օգտագործել, տնօրինել և տիրապետելել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանը, ինչպես նաև այլ վերաբերելի գույքը։
Մեր կողմից մանրամասն ներկայացվել է գործընթացի ամբողջ նախապատմությունը և իրավական հիմքերը և գտնում ենք, որ ստեղծված իրավիճակը բացառապես հետևանք է «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի ինչպես նաև հնարավոր այլ շահագրգիռ կողմերի ոչ իրատեսական և չհիմնավորված պահանջների, որոնք փորձում են երկրում ձևավորված դրական մթնոլորտը ինչպես նաև նոր իշխանությունների որոշ մանրամասների չտիրապետելը ծառայեցնեն իրենց ոչ իրավաչափ և անտրամաբանական շահերին, ինչը կարծում ենք շատ շուտով կստանա համապատասխան գնահատական։
«Պարգև» ՍՊԸ ողջունելով ՀՀ կառավարության՝ երկրում իրավունքի գերակայությունն հաստատելու քաղաքականությունը, ունի այն համոզմունքը, որ ՀՀ Կառավարությունը չի միջամտի «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի և հնարավոր այլ շահագրգիռ կողմերի կողմից արհեստականորեն ստեղծված վեճին և դրա լուծումը կտրվի բացառապես օրենքով սահմանված կարգով՝ դատարանի միջոցով»: