Եթե կադրային նշանակումները չարդարացնեն իրենց, ուրեմն ես ՊԵԿ-ում անելիք չունեմ. Դավիթ Անանյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց ՝ ՊԵԿ-ում բարձր պաշտոններում «խայտառակ» նշանակումներն են լինում:
«Կարող են լինել մարդիկ, որոնք աշխատում են մեր դեմ, մենք դա սվիններով չենք ընդունում, քանի որ հանրությունը կարող է ունենալ իր կարծիքը: Համաժողովրդական զարթոնքից հետո, եթե հանրությունը նոր դեմքեր չի տեսնում, ապա հնարավոր է, որ դժգոհություններ լինեն: Ես ունեմ իմ տեսլականը, այո, մենք ներքևից ՊԵԿ-ը համալրում ենք երիտասարդ կադրերով, բայց վերևում որոշում կայացնողների մասով իմ քաղաքականությունն այն է, որ ես վստահում եմ փորձառություն ունեցող նախկին կադրերին: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում», - նշեց Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահն ասաց, որ վարչապետն էլ որոշակի վերապահումներ է ունեցել իր նշանակումների վերաբերյալ, դրա համար եկել են պայմանավորվածության. «Եթե ՊԵԿ-ն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է, ապա կադրային նշանակումները ճիշտ են: Եթե չի իրականացնում, ուրեմն պետք է հետևություններ անենք: Եթե կադրային նշանակումները չարդարացնեն իրենց, ուրեմն ես ՊԵԿ-ում անելիք չունեմ»,- հայտնեց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ այդ դեպքում ինքը հրաժարական կտա:
Դիտարկմանը, թե ժողովրդական խոսք կա՝ «կարմիր կովը կաշին չի փոխում», ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Կաշին կարող է չփոխվել, եթե կովի մասին ենք խոսում»:
Անդրադառնալով ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանի մասին մամուլի հրապարակումներին՝ Դավիթ Անանյանը նշեց, որ խոսում են, թե նա Ամերիկայում ինչ-որ դատական գործով է անցել, բայց դա իրենց ընդհանրապես չի հետաքրքրում:
«Մենք պետք է գնահատենք, թե ՀՀ օրենսդրությամբ ինքը հանդիսանո՞ւմ է դատապարտված, մեղադրյալ կամ որևէ այդպիսի կարգավիճակ ունի, թե ոչ: Այսինքն՝ իրավական տեսանկյունից ինքը այդ պաշտոնում նշանակման խնդիր ունի՞, թե ոչ: Երկրորդ, ինչ հանգամանքներում է եղել, որ ԱՄՆ-ի պես հզոր երկիրը, որ ունի անխափան իրավական համակարգ, իրեն ուղղակի ասել են՝ գնա ձեր երկիր, այսինքն՝ չեն դատապարտել, կամ եթե նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկել են, ինքն ամբողջությամբ կրել է այդ պատիժը և մարված է համարվում այդ պատիժը ԱՄՆ օրենսդրությամբ, իսկ ՀՀ օրենսդրությամբ ինքը որևէ պատիժ կրած անձ չի հանդիսանում»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Նրա խոսքով, մնացածն արդեն հուզական դաշտից է. «Արդյոք այդ GPS սարքը, որ օգտագործել է, որքանով է իրականությանը համապատասխանում: Դե հիմա օգտագործել է մարդը: Առաջին անգամ GPS սարք է օգտագործել ինչ-որ մի մեքենայի հետագիծն ուսումնասիրելու համար: ԱՄՆ օրենքներով, եթե երեխայի նամակը ծնողը բացում է, դա քրեական պատասխանատվություն է առաջացնում: Հիմա եթե մեկին դրա համար պատասխանատվության են կանչում, մենք պետք է գնահատենք՝ դա օրինակ ՀՀ օրենսդրությամբ համարվո՞ւմ է քրեորեն պատժելի»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան