«Նորֆոլկ»-ի դեմ հարուցված քրգործը կկարճվի, եթե պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվի. Դավիթ Անանյան
«ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերությունը լուծարման գործընթացում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Հաջորդ շաբաթ ընկերության լուծարման ակտը կավարտենք ու մինչև ամսվա վերջ ընկերությունն ամբողջությամբ կլուծարվի»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ մինչ լուծարման գործընթացի ավարտը ընկերությունը որոշակի ճշգրտումներով շարունակում է աշխատել՝ ՊԵԿ ներքին անվտանգության աշխատակիցների անմիջական հսկողության ներքո։
Դավիթ Անանյանը հայտնեց՝ կառավարությանն առաջարկել են, որ այն լինի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն, բայց այն ոչ թե ամբողջությամբ կրկնելու է այն գործունեությունը, ինչ «Նորֆոլկն» է իրականացրել, այլ պետք է հանդիսանա մաքսային միջնորդային ծառայություններ իրականացնող:
«Խնդիրն այն է, որ այսօր մանր ու միջին ձեռներեցությամբ զբաղվողները պատրաստ չեն ամբողջությամբ իրենք պատասխանատվություն կրել, գալ ու մաքսային ձևակերպումներ իրականացնել: Մենք պետք է աստիճանաբար ձևավորենք այնպիսի մշակույթ, որ բոլոր ապրանքները մաքսազերծվեն ըստ տեսականու»,- ընդգծեց նա:
Դավիթ Անանյանը նշեց, որ «Նորֆոլկ» ընկերության դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, եթե պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվի։ Ըստ նրա՝ ընկերությունը մինչև հուլիսի 20-ը կարող է վերականգնել պետությանը հասցված վնասը, որը կազմում է 7 մլն դոլար:
«Դրա մի մասն արդեն վերականգնվել է, 5 մլն դոլարն ընկերությունը կվերականգնի մինչև հուլիսի 20-ը»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ «ՆորՖոլք» ընկերության սեփականատեր Արմեն Ունանյանն այսօր իր պարտականությունները կատարում է ներքին անվտանգության աշխատակիցների հսկողությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Անհրաժեշտության դեպքում ՊԵԿ նախկին և ներկա պաշտոնյաներ կներգրավվեն որպես մեղադրյալներ. ԱԱԾ պետ
- Իրավական տեսակետից դեռ գնահատական չկա. ֆինանսների նախարարը՝ «Նորֆոլկի» մասին
- «Նորֆոլկի» դերակատարումը բավականին մութ և խառը պատմություններ ջրի երես է հանել. ՊԵԿ նախագահ
- «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության աշխատակիցները չեն ընդունում իրենց մեղքը