Այս տարվա առաջին կիսամյակում հարկային եկամուտներն աճել են 15,6%-ով
2018 թվականի առաջին կիսամակում Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 649,7 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.6 տոկսով կամ 88,2 մլրդ դրամով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Անդրադառնալով ԱԱՀ վերադարձերին, ՊԵԿ նախագահը նշեց, որ այս տարվա հունվար-հունիսին հարկ վճարողներին վերադարձվել է 50.7 միլիարդ դրամ, մինչդեռ ծրագրված էր կիսամյակային կտրվածքով վերադարձնել 39.9 մլրդ դրամ:
«Հունիսին մենք ավելի շատ եկամուտներ ենք հավաքագրել ու ավելի շատ ԱԱՀ վերադարձրել տնտեսավարողներին»,- ընդգծեց նա:
Դավիթ Անանյանը նաև տեղեկացրեց, որ վեց ամսվա կտրվածքով համալիր ստուգումների թիվը կազմել է 477, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 21 տոկոսով: Դրա փոխարեն, ըստ նրա, կրկնապատկվել է թիրախային ստուգումների թիվը. «Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում իրականացվել է 2400 թիրախային ստուգում, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 4800: Սա վկայում է այն պարզ իրողության մասին, որ համալիր ստուգումների թիվը գնալով նվազում է, դրա փոխարեն ավելանում են թիրախային ուսումնասիրությունները, այսինքն՝ հարկային վարչարարությունն ավելի հասցեական և թիրախային է դառնում»:
ՊԵԿ ղեկավարը նշեց, որ վարչարարությունն առավելապես ուղղված է միջին ու խոշոր հարկ վճարողներին, փոքր հարկ վճարողների մոտ ավելի շատ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում:
«Մենք պետք է փոքր ու միջին բիզնեսին զերզ պահենք ավելորդ վարչարարության ներգործությունից»,- ասաց նա: