Պետք է ավելի շատ կանայք լինեն ակտիվ քաղաքականության մեջ. Դավիթ Հարությունյան
«Մենք կանանց քվոտան մեծացնում ենք ցույց տալու համար, որ Հայաստանում որևէ խտրականություն չկա՞, և մենք հերոսաբար կարծրատիպե՞ր ենք հաղթահարում, թե իրոք հաշվել ենք, որ ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում կուտակվել է ահռելի կանացի քաղաքական կապիտալ, որը կարծրատիպերի և օրենսգրքի պատճառով չի ռեալզացվում։ Իմ խորին համոզմամբ՝ այժմ եղած մեկ քառորդ քվոտան մի քանի անգամ գերազանցում է այն ռեալ կանացի պոտենցիալը, որ Հայաստանում կա»,- ԸՕ-ի շուրջ այսօր կայացած քննարկումների ժամանակ ԱԺ-ում ասաց ՀՅԿԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։
«Ուզում եմ, որ մեր առաջարկները չլինեն մեխանիկական, զուտ թվաբանական խնդիրներ չլուծենք։ Եթե դրա տակ բովանդակություն չկա, ուզում եք՝ յուրաքանչյուր երկրորդը կին լինի, դրանից կանացի կապիտալն իրացրած չենք լինի»,- ասաց նա։
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյաննն իր հերթին նշեց, որ քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ սկզբունքորեն պետք էր ակնկալել, որ Հայաստանում կլինեին ավելի շատ քանակությամբ կանայք։
«Բայց քանի որ չկան, նշանակում է՝ առկա է որոշակի կարծրատիպ։ Մենք պետք է հասնենք նրան, որ ավելի շատ կանայք լինեն ակտիվ քաղաքականության մեջ»,- ասաց նա։
Դանիել Իոաննիսյանն իր հերթին հիշեցրեց, որ գործող խորհրդարանում կանայք կազմում են բոլոր պատգամավորների ընդհանուր թվի 18 տոկոսը, այն դեպքում, երբ նախորդ խորհրդարանում այդ թիվն ընդամենը 10-11 տոկոս էր։
«Պատճառն այն է, որ հանրությունը չի ընկալում կին քաղաքական գործիչներին։ Կանայք գիտեն այդ մասին, դրա համար էլ ավելի քիչ են գնում քաղաքականությամբ զբաղվելու։ Սակայն երբ մենք կանանց քվոտայով բերում ենք խորհրդարան, հանրությունը սկսում է տեսնել, որ նա կարող է լավ մտքեր արտահայտել, լավ ելույթներ ունենալ»,- ասաց նա։