«Սանիթեք»-ում ճգնաժամային պլան են մշակել՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար
««Սանիթեք» ընկերության մեքենաների մեծ մասը վնասվել են «Նուբարաշենի» աղբավար տանող վատ ճանապարհների պատճառով: Հիմա դրանցից մի քանիսը վերանորոգվում են»,-Panorama.am-ին ասաց ընկերության գլխավոր տնօրենի գործադիր օգնական Քրիստինա Հովհաննիսյանը՝ արձագանքելով «Երևանը՝ աղբի մեջ» հրապարակմանը:
Ընկերությունն ունի 35 կոմպակտորներ: Թե դրանցից քանիսն են այժմ վերանորոգվում, ընկերությունից չասացին՝ նշելով, որ ամեն րոպե թիվը փոփոխվում է՝ մեկը փչանում է, մյուսը վերանորոգված դուրս է գալիս աշխատանքի:
«Փչացած մեքենաները գարաժ հասցնելու, վերանորոգելու, երթուղի վերադառնալու համար բավականին ժամանակ է պետք: Երբեմն ուղիղ մեկ օր է պետք լինում մեկ մեքենան սարքելու համար: Ճանապարհների վիճակը գնալով վատանում է, մեքենաներն էլ ավելի հաճախ են սկսել փչանալ: Ճանապարհների խնդրի մասին դիմել ենք քաղաքապետարան, հիմա, կարծես, գործընթացը սկսկել է, այնտեղից էլ խոստացել են՝ համապատասխան լուծում կլինի»,-ասաց ընկերության տնօրենի գործադիր օգնականը:
Մյուս պատճառն էլ պատվիրած ավտոպահեստամասերի՝ Հայաստան ուշ հասնելն է:
«Պատվիրում ենք, հիմա մի մասը Լարսում են, մի մասն էլ սահմանին են, սպասում ենք մաքսազերծմանը, որ սկսենք աշխատել»,-ասաց նա:
Անդրադառնալով աղբամանների թվին, ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ընթացքում դրանք այրվում են, վնասվում, հաճախ էլ՝ տեղաշարժում:
«Փորձում ենք արագ կարգավորել, նորերը կունենանք անպայման»,-ասաց Քրիստինա Հովհաննիսյանը:
Քաղաքացիներց ընկերությունն այս օրերին բազմաթիվ դժգոհություններ է ստացել: Խոստանում են՝ մեկ շաբաթվա ընթացքում վերականգնել նորմալ աղբահանությունը: Տնօրենը քննարկում է ունեցել ընկերության պատասխանատուների հետ. ճգնաժամային պլան են մշակել՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար:
«Հուսով ենք, որ եկող շաբաթվա սկզբում մենք կվերադառնանք նախկին նորմալ վիճակին, որը առկա էր մոտ 10-15 օր առաջ, ու մեր քաղաքացիները էլ չենք տեսնի նման պատկեր»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին