ՀԱԿ-ն իր մտահոգություններն է ներկայացրել կառավարությանը
Հայ ազգային Կոնգրես կուսակցությունն իր մտահոգություններն է հայտնում հանրային սննդի ձեռնարկությունների հարկման վերաբերյալ: Ըստ կուսակցության, արտոնագրային հարկից շրջանառության հարկին անցումը մի քանի ռիսկեր է պարունակում:
ՀԱԿ տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Այդ բնագավառը արդեն երկար ժամանակ գտնվում է թռիչքաձև զարգացման մեջ, ապահովելով ռեստորանների, սրճարանների, բարերի, արագ սննդի փոքր կետերի քանակի, բազմազանության, սննդի և սպասարկման որակի աճ և լրջորեն խթանում է երիտասարդության զբաղվածության խնդրի լուծումը։ Նման վիճակը մեծապես կապված էր արտոնագրային հարկի կիրառման հետ։ Արտոնագրային հարկն իր պարզությամբ, կանխատեսելիությամբ նպաստում էր գործող օբյեկտների ընթացիկ աշխատանքին, ինչպես նաև նոր մասնակիցների մուտքին շուկա: Այն հնարավորություն էր տալիս սեփականատերերին և կառավարիչներին կենտրոնանալ բուն բիզնես պրոցեսների և հերթական պրոյեկտների վրա, իսկ հարկային ռիսկերի կանխատեսելիությունն այս ոլորտը դարձրել էր ներդրումների համար չափազանց գրավիչ:
Սույն թվականի հուլիսի 1-֊ից հանրային սննդի օբյեկտները Հարկային Օրենսգրքի փոփոխությունների արդյունքում անցան շրջանառության հարկի։
Բնագավառի մասնակիցների հետ Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի խորհրդակցությունների արդյունքում կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ այդ օբյեկտների վրա էֆեկտիվ հարկային բեռը արդեն ավելացել է միջին հաշվով 2.5 անգամ, իսկ 2019թ. հունվարի 1-ից և հատկապես 2020թ. հունվարի 1-ից հետո` դրույքաչափը բարձրացնելու արդյունքում, հարկային բեռը կավելանա 4-5 անգամ: Արդյունքում թե տեղի կունենա գների աճ, որն իր հերթին սպառման կրճատման ռիսկ է պարունակում՝ այդ թվում գերակա ճանաչված տուրիզմի ոլորտում, և թե շահույթի էական կրճատումը կնվազեցնի ներդրումների ծավալը»:
Ըստ կուսակցության, հարկման համակարգի նման արմատական փոփոխությունն արվել է բավական հապճեպ, առանց ոլորտի ներկայացուցիչների հետ լայն քննարկման: Մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի կանխատեսելի հարկային քաղաքականություն, որը ենթադրում է հարկման դրույքաչափերի մեղմ և աստիճանական փոփոխություն:
ՀԱԿ-ն առաջարկում է. «Քանի որ սույն օրենսդրական փոփոխությունը ծրագրվել է նախորդ կառավարության կողմից, իսկ նոր կառավարությունն ըստ էության դեռևս խորամուխ չի եղել խնդրի մեջ, որպես ժամանակավոր և մասնակի լուծում, առաջարկում ենք, որ կառավարությունը հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ՝ վերականգնելով հանրային սննդի ձեռնարկությունների մասով մինչև 2018թ. հուլիսի 1-ը գործող հարկային ռեժիմը, ներկայումս գործող 6 տոկոս դրույքաչափը կիրառել 2019 թ. հունվարի 1-ից, հանել Հարկային Օրենսգրքով նախատեսված շրջանառության հարկի շարունակական բարձրացումը 2019 և 2020 թվականների համար:
Հետագա մեկ-երկու տարվա ընթացքում անհրաժեշտ կլինի իրականացնել ոլորտի ձեռնարկությունների ընթացիկ աշխատանքների, ոլորտում ներդրումների, հարկային մուտքերի մշտադիտարկում, և այս ամենի վերլուծության արդյունքում կշռադատված որոշում ընդունել հանրային սննդի ոլորտի հարկման ռեժիմի և դրույքաչափերի վերաբերյալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան