Հայաստանի հինգ բուհերի 29 բաժիններ այս տարի ընդունվողներ չեն եղել
Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է միասնական քննությունների արդյունքները, այսօր արդեն բուհերին կտրամադրվեն ընդունված դիմորդների անվանացանկերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, այս տարի միասնական քննությանը մասնակցել է 5087 դիմորդ, քննությունները կազմակերպվել են 15 քննական կենտրոնում, որից 4-ը Երևանում, մնացածը՝ մարզերում: «Քննություններն ընթացել են հանգիստ մթնոլորտում, կազմակերպչական առումով որևէ խնդիր չենք ունեցել»,- ասաց Փաշայանը:
ԳԹԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ քննությունների առաջին փուլում դիմորդներից 1125-ը չի հաղթահարել դրական միավորի անցողիկ շեմը, իսկ 327-ը ստացել է 20 միավոր: Երկրորդ փուլում 747 դիմորդից 357-ը չի հաղթահարել դրական միավորի շեմը: Օրինակ, ըստ Արմեն Փաշայանի, երկրորդ փուլում ռուսաց լեզվի միասնական քննությունից անբավարար է ստացել դիմորդների 51 տոկոսը, ֆիզիկայից՝ 61 տոկոսը:
Ընդհանուր առմամբ, միջին գնահատականը բոլոր առարկաների մասով պահպանվել է 12-14 միավոր:
Արմեն Փաշայանի խոսքով՝ այս տարի ևս իրավագիտություն, տնտեսագիտություն մասնագիտությունները շարունակում են մնալ ամենապահանջվածը, ավելացել է նաև ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մասնագիտություններով դիմորդների թիվը:
Սակայն այս տարի ֆակուլտետներ կան, որ ընդհանրապես ուսանող չեն ունենա:
Մասնավորապես, Մանկավարժական, Բրյուսովի, Շիրակի, Գավառի պետական համալսարաններում և Սլավոնական համալսարանի 29 մասագիտությունների գծով ուսանողներ չեն լինի:
«Օրինակ, Մանկավարժականի «Բնագիտություն», «Թարգմանչական գործ», «Լրագրություն», «Միջմշակութային հաղորդակցություն», «Սուրդոմանկավարժություն» բաժիններում այս տարի ոչ մի դիմորդ չի ընդունվել»,- ասաց ԳԹԿ-ի տնօրենի պաշտոնակատարը:
Արմեն Փաշայանը նաև հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների թիվը նվազել է: Եթե 2018 թ-ի միասնական քննությանը մասնակցել է 5087 դիմորդ, ապա 2017թ-ին՝ 10 հազար դիմորդ: Դիմորդների թվի նվազումն, ըստ նրա, պայմանավորված է 12-ամյա կրթական համակարգի անցնելու գործոնով:
«Մենք այլևս չենք ունենա նման անկում, քանի որ հաջորդ տարի ավագ կունենանք շուրջ 24 հազար շրջանավարտ և, ակնկալում ենք, որ դիմողների թիվը կկազմի 11-12 հազար»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Միասնական քննությունների երկրորդ փուլից 357 դիմորդ է կտրվել
- Միասնական քննությունների հիմնական փուլում 1125 անբավարար գնահատական է եղել
- «Կենսաբանության» միասնականից անբավարար է ստացել 84 դիմորդ
- Վաղվա միասնականը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից
- Վաղը կմեկնարկեն միասնական քննությունները
- Միասնական քննություններին նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները