Մարտակերտում կանցկացվի Ժենգյալով հացի փառատոն
Կիրակի Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում կազմակերպվելու է «Ժենգյալով հացի փառատոն»: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը՝ մանրամասնելով, որ փառատոնն իրականացվելու է «Հզոր Հաթերք» ծրագրի շրջանակներում, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարության և Մարտակերտի շրջվարչակազմի աջակցությամբ:
Նրա խոսքով՝ փառատոնի մեկնարկը լինելու է ժամը 12:00-ին, որի ընթացքում Արցախի տարբեր մասերից Հաթերք ժամանած հմուտ մասնագետները կծանոթացնեն հյուրերին ժենգյալով հաց պատրաստելու առանձնահատկություններին և գաղտնիքներին։
«Տոնական սեղանի անպակաս մասը կկազմեն վիլսալին, կաթնաշոռով հացը, գինին։ Հյուրերը հնարավորություն կունենան փորձելու ազգային ուտեստների տեսականին (կորկոտ, խաշիլ, խաշլամա, լոբի, տապակած կանաչիներ)։ Այս ամենը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, ազգային երգ ու պարով, արտասանություններով։ Ելույթ կունենան նաև Հաթերքի միջնակարգ դպրոցի և մանկապարտեզի սաները։
Փառատոնին կլինի Հաթերքում արտադրված բնական սննդի՝ «Haterk Food»-ի ցուցահանդես, հյուրասիրություն և վաճառք։ Փառատոնից հետո կլինի էքսկուրսիա համայնքի տարածքում(այցելություն՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր, «Սուրբ Նշան» խաչքար, «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցի, Հաթերքի եղբայրական գերեզմանատուն և արցախյան գոյամարտի զոհերին նվիրված հուշարձան)»,- մանրամասնել է Ս. Միրզախանյանը:
Անդրադառնալով տոմսեր ձեռք բերելու տարբերակներին՝ աղբյուրը նշել է, որ ցանկացողները փառատոնի մուտքի տոմսերը կարող են գնել տեղում. 15 և բարձր տարիքային խմբի անձանց համար մուտքը 1000 դրամ է, 10-14 տարեկանների համար՝ 500 դրամ, իսկ մինչև 10 տարեկանների համար անվճար է:
Մուտքի տոմսերը արժեքի մեջ ներառում են մասնակցությունը փառատոնին, համերգային մասը և էքսկուրսիան: Սպասվում են նաև հաճելի անակնկալներ։ Փառատոնի բոլոր մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ «Haterk Food»-ի և «Հաթերք» հյուրատան կողմից։
Ս. Միրզախանյանի խոսքով՝ հուլիսի 15-ին տարբեր վայրերից կգործի երկկողմանի տրանսպորտ դեպի Հաթերք։
Երևանից ավտոբուսները կշարժվեն վաղ առավոտյան՝ ժամը 06.30 ին։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի. «Պատերազմի տարիներին զենքից հետո ամենապահանջված բանը ժենգյալով հացն էր». «Առավոտ»
- Բակո Սահակյանը մասնակցել է ժենգյալով հացի փառատոնին
- ժենգյալով հացի փառատոն Ծաղկաշատում
- Տարոն Մարգարյանն առաջարկել է «Ժենգյալով հաց» խորագրով փառատոն կազմակերպել