Հայկական օղու, վիսկիի արտադրությունը զգալի նվազել է, գինու արտադրությունը` աճել
Ընթացիկ տարում Հայաստանում գինու և գարեջրի արտադրության ծավալներն աճել են։ Փոխարենը ալկոհոլային խմիչքների շուկայում կրճատվել է շամպայնի, օղու և վիսկիի արտադրությունը։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 3 378.6 հազար լիտր գինի։ 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 7.3%-ով։
Նշված ժամանակահատվածում գարեջրի արտադրության ծավալներն ավելացել են 6.2 %-ով. եթե 2017թ-ի հունվար-մայիսին արտադրվել է 6 380.5 հազար լիտր գարեջուր, ապա 2018թ-ին` 6 777.3 հազար լիտր գարեջուր:
ԱՎԾ-ի տվայլներով` հանրապետությունում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2018-ի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 35,8%-ով` կազմելով 40 մլն 654.2 հազար լիտր:
Վիճակագրության համաձայն, հանրապետությունում հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 1 250.7 հազար լիտր օղի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակայշհատվածի համեմատ նվազել է 41.2%-ով (2017թ-ի հունվար-մայիսին արտադրվել է 2 մլն 127.9 հազար լիտր օղի):
Հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 172.1 հազար լիտր շամպայն գինի` 2017թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5%-ով:
Ինչ վերաբերում է վիսկիի արտադրությանը, այս տարվա հինգ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 366.5 հազար լիտր վիսկի, ինչը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ նվազել է 42.8 տոկոսով: