Երևան կժամանի Իտալիայի նախագահը
«Հուլիսի 30-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով պետական այցով Երևան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Նա տեղեկացրեց, որ Իտալիայի նախագահը հանդիպում կունենա ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ։
«Սա Իտալիայից նման մակարդակի առաջին այցելությունն է Հայաստան»,- նշեց Տ. Բալայանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Նյու-Յորք է մեկնել Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում է նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Վաղը ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը։ Այն ներկայացնում է կայուն զարգացման նպատակների ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը և Հայաստանի փորձը։
«Այս զեկույցը լավ հնարավորություն է երկրի համար ինքնուրույն գնահատելու կայուն զարգացման նպատակների ուղղությամբ արձանագրված առաջընթացը»,- ասաց նա։
ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ Զ. Մնացականյանը Նյու-Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, կունենա այլ հանդիպումներ ևս։