Իրանի դեսպանի հետ քննարկվել են մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեծացման հնարավորությունները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ
Հակոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել։ Հատկապես ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում գործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում։
Նախարար Աշոտ Հակոբյանն անդրադարձել է մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորություններին՝ նշելով, որ ձևավորված դրական փորձը գոհացուցիչ է, և բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել այն ավելի մեծացնելու համար։
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումն ու խորացումը շահավետ են երկու երկրների համար էլ։
Հանդիպման ընթացքում կարևորվել է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը։ Նշվել է, որ այն, որպես տարանցիկ ուղի, առանցքային նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրի տնտեսության՝ մասնավորապես տրանսպորտի և զբոսաշրջության զարգացման համար։
Քննարկվել են նաև ճանապարհաշինության, երկաթուղու, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների, կապի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր։