«Պարգև» ՍՊԸ-ն պատրաստ է հրաժարվել բրենդից, եթե իրեն վերադարձնեն ծախսած գումարները
«Աշտարակ Կաթ» ընկերության նախկին սեփականատեր, նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանը հայտարարել է, որ իր ընկերությունը «ռեյդերային զավթման» զոհ է դարձել «Պարգև» ՍՊԸ-ի կողմից: Նա նշել է, որ դիմել է իրավապահներին արդարության վերականգնման համար: Ըստ նրա, դրա հետևում տարբեր բարձրաստիճան այրեր են եղել:
Հիշեցնենք, որ այս ընկերության ներկայացուցիչներն օրեր առաջ հրավիրվել էին կառավարություն: Ինչպես ընկերությունից էին հայտարարել, ՀՀ վարչապետի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի հանդիպմանը քննարկվել է ապրանքային նշանը նախկին սեփականատիրոջը՝ Աշոտ Ափոյանին վերադարձնելու հարցը:
Ափոյանի հայտարարությանն արձագանքել է «Պարգև» ՍՊԸ-ի հիմնադիր Adra Remara Enterprises Inc ընկերության ներկայացուցիչ Արտակ Ասատրյանը, ով բացառել է պաշտոնյաների վերաբերյալ տեղեկությունը, իսկ ընկերություն «ռեյդերական զավթումով ներխուժումը» անհիմն մեղադրանք է որակում:
Տարածած հայտարարության մեջ նա նշել է, որ «Ադրա Ռեմարա» ընկերության սեփականատերն իր եղբայր Արա Ասատրյանն է: Ընկերությունը ավելի քան 15 տարի է գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում, իսկ 2006-ից սկսել է արտահանումներ կատարել դեպի Հայաստան:
«Ժամանակի ընթացքում ստեղծել ենք սառնարանային մեծ կոմպլեքս՝ 4 հազար տոննա տարողությամբ: Եղբայրս, Արա Ասատրյանը, միշտ ձգտել է օգնել Արցախին, ստեղծել է «Պարգև» ՍՊԸ-ն, որն էլ 2011-ի ն Հադրութում հիմնել է պահածոների գործարան»: «Աշտարակ կաթ»-ի և «Պարգևի» համագործակցությունը սկսվել է 2010-2011-ին`ընկերությունների ղեկավարների ծանոթությամբ: Աշոտ Ափոյանն է հետաքրքրվել, թե ինչով ընկերությունը կարող է իրեն օգտակար լինել»,-նշված է Արտակ Ասատրյանի խոսքում:
Ըստ նրա, քննարկումների արդյունքում եկել են համաձայնության, որ ամերիկյան ընկերությունն «Աշտարակ կաթ»-ին կմատակարարի կարագ, կաթի փոշի, իտալական կոկոսի յուղ և այլն: Ափոյանը խնդրել է, որ համագործակցեն վարկով՝ 500-600 հազար դոլարի սահմաններում (ապրանքի տեսքով), տեղեկացնելով, որ ինքն այդպես է աշխատում բոլոր մատակարարների հետ:
«Այդ ապրանքները ներմուծվում էին ԱՄՆ-ից, ուստի, ես հարցը համաձայնեցրեցի «Ադրա Ռեմարա» ընկերության հետ: Փորձնական համագործակցություն սկսելու համաձայնությունը ստացա`գրավի պայմանով, քանի որ խոսքը մեծ գումարի մասին էր: Ափոյանն այդ պայմանից նեղվեց՝ ասելով, որ մեծ կազմակերպություն է, գումարի խնդիր չունենք: Ես նրան հավատացի: Սկսեցինք աշխատել: Սկզբնական շրջանում նա գումարը վճարում էր բավական անպարտաճանաչ, ինչի հետևանքով պարտքը հասավ մինչև 2 մլն դոլարի»,-նշել է նա:
Արտակ Ասատրյանի հայտարարության համաձայն, ինքն իր աշխատակիցներին հանձնարարել է ուսումնասիրել շուկան՝ հասկանալու, թե ինչ վիճակում է գտնվում «Աշտարակ կաթ» ընկերությունը: Արդյունքում եկել են եզրակացության, որ վիճակն անմխիթար է: Ա. Ասատրյանը նաև պարզել է, որ Ափոյանը ռուսական «Prodinvest» ընկերությանը շուրջ կես միլիոն դոլար է պարտք եղել: Նա պայման է դրել, որ ընկերությունը պարտքը վճարի մաս-մաս, դրան էլ գումարած սկսել են ավելի քիչ ապրանք մատակարարել «Աշտարակ կաթ»-ին: Քանի որ պարտքը չի մարվել, ըստ Ասատրյանի, ինքն Ափոյանին առաջարկել է կամ պարտքն ամբողջությամբ մարել, կամ էլ գրավ տալ պարտքի դիմաց:
«Արդյունքում Ափոյանն առաջարկել է պարտքի դիմաց գրավ դնել «Աշտարակ կաթ» ապրանքանիշը: Հակընդդեմ պահանջ է դրվել`վերահսկողություն իրականացնելու, ոչ թե գործարանի կամ իր գործունեության, այլ շուկայում առկա իրավիճակի նկատմամբ: Այդ գործարքը եղավ իր խնդրանքով, թեև ես միշտ ասել եմ, որ ինձ գումարն է պետք: Որոշ ժամանակ անց հասկացա, որ «Աշտարակ կաթ» բրենդը լրիվ ապականվում է՝ խանութներում ապրանք չեն ընդունում, վերադարձը շատ է, ապրանքն էլ անորակ է»,-նշել է նա՝ ավելացնելով հարցը քննարկելու համար կրկին հանդիպել է Ափոյանին, նա էլ առաջարկել է որոշ ժամանակ աշխատեցնել գործարանը, վերականգնել «Աշտարակ կաթ»-ի բարի անունը:
Սակայն պարզվել է, բարի համբավ վերականգնելն այդքան էլ հեշտ գործ չէ՝ անհրաժեշտ են ներդրումներ, կան աշխատավարձի 4 ամսվա կուտակած պարտքեր, մատակարարներին պարտքեր, անհրաժետ են ներդրումներ, թուրքական մի ընկերությունն էլ, որ ընկերությանը պաստերիզացման սարքավորումներ էր վաճառել, նախաձեռնում է ընկերության սնանկության գործընթաց, որին միանում են աշխատավարձ չստացած աշխատողներն ու մի քանի հարյուր մատակարարները:
«1.5 տարի աշխատելու ընթացքում մենք «Աշտարակ կաթ» ընկերությունում կատարել ենք 6 մլն դոլարի ներդրում: Միայն այս տարվա վեց ամիսների ընթացքում գյուղացիներից մթերել ենք 1 մլրդ դրամի կաթ: Այդ ընթացքում ոչ Աշոտ Ափոյանը, ոչ նրա որդին չեն հետաքրքրվել իրավիճակով: Միայն մի քանի անգամ Ափոյանը խնդրել է, որ ես գյուղացիներին փոխանցեմ, որ իր տուն չգնան ու փող չուզեն»,-նշում է նա:
Ա. Ասատրյանը կողմ է, որ Աշոտ Ափոյանը միջազգային աուդիտորական կազմակերպություն բերեն, գնահատեն իրենց ներդրումները, աշխատանքը, որի արդյունքում բիզնեսը զրոյից դարձրել են բրենդ՝ 5 տոկոս շահութաբերությամբ: Այդ գումարները ստանալու դեպքում, նրանք պատրաստ են դուրս գալ ընկերությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածած հայտարարության մեջ ընկերությունը նշել էր. ««Պարգև» ՍՊԸ ողջունելով ՀՀ կառավարության՝ երկրում իրավունքի գերակայությունն հաստատելու քաղաքականությունը, ունի այն համոզմունքը, որ ՀՀ Կառավարությունը չի միջամտի «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի և հնարավոր այլ շահագրգիռ կողմերի կողմից արհեստականորեն ստեղծված վեճին և դրա լուծումը կտրվի բացառապես օրենքով սահմանված կարգով՝ դատարանի միջոցով»: