ԵՄ-ն ողջունում է Հայաստանում կատարված փոփոխությունները և պատրաստ է օգնել բարեփոխումներին. Դեսպան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ Եվրամիության բարձրագույն պաշտոնյաների ուղերձը հստակ էր՝ ԵՄ-ն ողջունում է Հայաստանում կատարված փոփոխությունները և պատրաստ է օգնել բարեփոխումներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Դրանք հստակ, ուժեղ և բարեկամական ուղերձներ էին, որոնք փոխանցվել էին Հայաստանի վարչապետին բոլոր հանդիպումների ընթացքում։ Ես հասկանում եմ, որ վարչապետը հնարավորություն ուներ արտահայտել իր սեփական ուղերձները ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Հայաստանում մենք կաշխատենք կառուցողական մոտեցմամբ այս հռչակագիրը գործողությունների վերածել: Ես պարտավոր եմ հասկանալ, թե ինչպես կարող ենք կոնկրետ գործողություններով աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումներին»,- ասաց դեսպանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո ԵՄ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվել, Պյոտր Սվիտալսկին նշեց, որ շատ բաց են լսելու այն ակնկալիքները, որոնք ունի ՀՀ կառավարությունը:
«Ինչպես գիտեք, ես հանդիպել եմ և հանդիպում եմ կառավարության ներկայացուցիչների, մասնավորապես, նախարարների հետ, և յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տալիս ենք հարց՝ ինչպես կարող ենք օգնել, ինչ եք ակնկալում մեզնից: Սա այն է, ինչը մենք իսկապես վճռական ենք շարունակել: Մենք կցանկանայինք լսել մեր հայ գործընկերներից կոնկրետ գաղափարներ, թե ինչ ձևով ԵՄ-ն կարող է օգտակար լինել: Որոշ նախարարություններից ստացել ենք նախնական գաղափարներ, մենք կցանկանայինք ունենալ համապարփակ պատկեր, երբ ունենանք այդ պատկերը, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել: Հայաստանի կառավարությունից լսել ենք այն, որ նրանք ակնկալում են ինստիտուցիոնալ, տեխնիկական և ֆինանսական աջակցություն: Որպեսզի առաջ շարժվենք, անհրաժեշտ է, որ շատ կոնկրետ գաղափարներ ստանանք: ԵՄ-ն կառուցողական է տրամադրված, հասկանում ենք, որ ՀՀ նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ, նախարարների մեծ մասը նոր են կառավարման համակարգում, նրանք պետք է նկատի առնեն, թե որն է լավագույնը Հայաստանի համար: Հետևաբար, հասկանում ենք, որ ժամանակ է պետք, այդուհանդերձ, կարող եմ ասել՝ ինչպես և նախկինում, մենք՝ որպես ԵՄ, այստեղ՝ ՀՀ-ում, կառուցողական ենք տրամադրված»,- ընդգծեց Պյոտր Սվիտալսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան