Հայաստանում բնակչության 70 տոկոսը վստահում է ԵՄ-ին. Պյոտր Սվիտալսկի
Հայաստանում բնակչության 70 տոկոսը վստահում է Եվրամիությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով, սա զարմանալի թիվ է՝ հատկապես հաշվի առնելով ՀՀ այլ գործընկերների շրջանում արձանագրված թվերը։
Այսպիսով, ըստ Պյոտր Սվիտալսկու, 2017թվականին Հայաստանում ԵՄ նկատմամբ վստահությունն աճել է 5 տոկոսով, իսկ ԵԱՏՄ-ի նկատմամբ վստահությունը նվազել է և հիմա 48 տոկոսի մակարդակում է։
«Հայերի 80 տոկոսը զգում է, որ ԵՄ հետ հարաբերությունները լավն են, 69%-ը գնահատում է ֆինանսական աջակցությունը, որը տրամադրում է ԵՄ-ն, իսկ 66% տոկոսը հավատում է՝ այս աջակցությունը արդյունավետ է, ինչը մեր աշխատանքի ճանաչման գնահատականն է: Իհարկե մեզ համար կարևոր է, որ դեռևս 33 տոկոսը կարծում է, որ այս աջակցությունը բավականաչափ արդյունավետ չէ»,- ասաց դեսպանը՝ միաժամանակ նշելով, որ հայաստանցիների 53 տոկոսը կարծում է՝ ԵՄ-ն քաղաքացիների առօրյա կյանքում տալիս է շոշափելի օգուտներ, 55 տոկոսը գտնում է, որ ԵՄ-ն հանձնառու է պայքարելու Հայաստանում կոռուպցիայի դեմ:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, որ նրանք գնահատում են ԵՄ-ի աշխատանքը՝ նշելով, որ Հայաստանում գործունեություն ծավալելու առաջին դրդապատճառը սովորական հայաստանցիների առօրյա կյանքը հեշտ դարձնելն է: «Ինչպես ասում են՝ ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է, հայ ժողովրդի ձայնը որոշիչ է: Քանի դեռ հայ ժողովուրդը գնահատում է մեր գործունեությունը, մենք հանձնառու կլինենք շարունակել մեր աշխատանքը»,- ասաց նա։