ԱԺ-ում հուշագրեր են ստորագրել
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին, ՀԳՀՄ խորհրդի անդամ Հակոբ Բաղդասարյանին, ՀԳՀՄ «Տնտեսություն և գործարարություն ակումբի» անդամ Սերժ Ղարիբյանին, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանին և խորհրդի անդամ Լիլիթ Չիչոյանին:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ Արամ Սարգսյանն ու Հակոբ Հակոբյանը:
Արա Բաբլոյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես ասել է.
«Գաղտնիք չէ, որ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում մեր ձեռքբերումներն ու հաջողություները պայմանավորված են տնտեսության ոլորտում իշխանությունների կողմից տարվող քաղաքականության արդյունավետությամբ: Այս առումով տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման հարցում օրինաստեղծ գործունեությունը ստանում է առանձնահատուկ կարևորություն, քանզի դրանով է պայմանավորված տարվող քաղաքականության արդյունավետությունը, ինչպես նաև հանրության հիմնական հատվածի սպասելիքների հնարավոր ապահովումը: Ուստի, դրվատանքի է արժանի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությունը` հանձնաժողովը վերածելու մի կողմից քաղաքականություն մշակողների և իրականացնողների, տնտեսագիտական-ակադեմիական մտքի ներկայացուցիչների, իսկ մյուս կողմից` ԱԺ պատգամավորների միջև բանավեճի և երկխոսության յուրատեսակ հարթակի:
Այն, անկասկած, իր դրական արդյունքն է տալիս, և մենք արդեն ունենք դրա օրինակները, որոնցից մեկն է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արդյունավետ համագործակցությունը ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ:
Ի դեպ, Ազգային ժողովի պրակտիկայում որպես հանձնաժողովի արտահաստիքային խորհրդատուի հետ այս համագործակցությունը, անշուշտ, կարելի է համարել նորույթ: Շարունակելով այս նախաձեռնությունները` մենք ձեզ հետ միասին այսօր ականատես ենք լինում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այդ մոտեցման հերթական դրսևորմանը և հնարավորություն ունենք համագործակցության նոր էջ բացել այս անգամ երկու այլ կազմակերպությունների և Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի միջև: Պետք է արձանագրենք, որ այս կառույցների հետ հանձնաժողովի համագործակցությունն իրականացվել է նաև մինչ այս: Հուշագրերի ստորագրումն այս համագործակցությանը տալիս է ինստիտուցիոնալ բնույթ:
Համագործակցության հուշագրերը կնքվում են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, «Հայաստանի գործատուների հանրապետական միություն» հասարակական կազմակերպության, ինչպես նաև «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև:
Հուշագրերը` ի թիվս համագործակցության այլ մեխանիզմների, նախատեսում են նաև, որ մեր գործընկերները կարող են հանդես գալ փորձագիտական հետազոտություններով կամ իրականացնել ոլորտային ուսումնասիրություններ սեփական նախաձեռնությամբ:
Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք մաղթել հաջողություններ` համոզված լինելով, որ այս համագործակցությունը կլինի արգասաբեր»:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, կարևորելով կողմերի միջև փոխգործակցությունը, նշել է, որ այս հուշագրերը համագործակցության նոր նպաստավոր էջ կբացեն:
Միքայել Մելքումյանը, արժևորելով փոխադարձ համագործակցությունը, համոզմունք է հայտնել, որ այն արդյունավետորեն կնպաստի տնտեսական ոլորտի օրենքների մշակման և ընդունման գործընթացի իրականացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և համագործակցության համար` Գագիկ Մակարյանն ուրախությամբ նշել է, որ իրենք պատրաստակամ են ներդնելու իրենց փորձն ու ներուժը ՀՀ Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում:
Վահագն Համբարձումյանը, կարևորելով օրենսդրության կատարելագործման հարցում կողմերի միջև արդյունավետ փոխգործակցությունը, ընդգծել է, որ մեծ պատիվ է խորհրդարանի հետ աշխատելը:
Հանդիպման ավարտին Խոսրով Հարությունյանը համագործակցության հուշագրեր է ստորագրել Գագիկ Մակարյանի և Վահագն Համբարձումյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում