Աշխատանքներ են տարվում մեր քաղաքացուն հնարավորինս անվտանգ և արագ Հայաստան վերադարձնելու համար. Բալայան
«Մեր քաղաքացին, որը դեռ չպարզված հանգամանքում հայտնվել է ադրբեջանական կողմում, ունի հոգեկան խնիդրներ։ Հենց այդ խնդիրների պատճառով նա ծառայություն չի անցել Հայաստանի Զինված ուժերում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Նա նշեց, որ դա փաստաղթղթավորված իրողություն է, որը փոխանցվել է Կարմիր խաչին։ Տ. Բալայանի խոսքով, ՀՀ պաշտպանության նախարարությունն անմիջականորեն կապ է պահպանում Կարմիր խաչի հետ, Կարմիր խաչի միջոցով այս պահին փորձում են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։
«Այլ ուղղություններով ևս աշխատանքներ են տարվում մեր քաղաքացուն հնարավորինս անվտանգ և արագ Հայաստան վերադարձնելու համար։ Այս պահի դրությամբ որևէ առաջընթացի մասին այս հարցում չեմ կարող հայտնել»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը։
Խոսելով բելառուսցի վիդեոբլոգեր Վլադիսլավ Մովսեսովի մասին, ով տեսանյութ էր հրապարակել, հայտարարել, որ Ադրբեջան կատարած այցից հետո սպառնալիքներ են հնչում, իր կյանքին վտանգ է սպառնում, Տ. Բալայանն ասաց, որ կապի է մեջ են նրա հետ։
«Այս պահին քայլեր են ձեռնարկվում գնահատելու այդ վտանգավորության աստիճանը, և, իհարկե, հնարավոր աջակցություն ցուցաբերելու», - ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Միաժամանակ հաշվի առնելով, որ նա Բելառուսի քաղաքացի է, Տ. Բալայանի կարծիքով, Բելառուսի իշխանություններն իրենց քաղաքացուն պաշտպանելու և նրա անվտանգության ապահովման համար պետք է որոշակի գործողություններ ձեռնարկեն։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը նախօրեին տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ-ը պաշտոնապես հայտատրում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ- երում։