Ճապոնիան և ԵՄ-ն ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրել
Ճապոնիան և Եվրամիությունն ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրել, որը հնարավորություն կտա համաշխահային ՀՆԱ-ի 30% -ով խոշորագույն տնտեսական դաշինք ստեղծել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի նստավայրում, որին մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:
Համաձայնագրի համաձայն, Ճապոնիան կչեղարկի ԵՄ-ից ներմուծվող ապրանքների, այդ թվում՝ մթերքների 94 տոկոսի մաքսատուրքերը, ինչի հետևանքով ճապոնական շուկայում կնվազեն եվրոպական պանրի, գինու և խոզի մսի գները:
Իրենց հերթին, ԵՄ երկրները կվերացնեն Ճապոնիայից ներմուծվող ապրանքների 99 տոկոսի մաքսային սակագները, մասնավորապես՝ ավտոմեքենաների և կենցաղային տեխնիկայի, սակայն դա տեղի կունենա համապատասխանաբար՝ 8 և 6 տարի հետո, երբ պայմանագիրն ուժի մեջ մտնի: Ակնկալվում է, որ համաձայնագիրը կվավերացվի հաջորդ տարվա մարտին, երբ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից: