«Պետք է ունենալ հեղափոխություն մշակույթում». քննարկում
«Մեզ համար առաջին հերթին կարևոր է մրցակցային, թափանցիկ, հավասար դաշտի ապահովումը։ Այս երկու ամիսների ընթացքում համոզվել ենք, որ հենց դա է խնդիրը որ այսօր շատ- շատ արվեստագետներ, մշակութային գործիչներ պակասում են»,- «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞առանց մշակույթի» թեմայով քննարկմանն ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
Նա նշեց, որ որպես պետական կառույցի ներկայացուցիչ, կարևոր է համարում հանրային քննարկումները՝ ներքից վերև խնդիրների քննարկման, լուծումների փնտրտուքի և վերջնական որոշումի կայացման առումով։
«Ի՞նչ ենք ակնկալում արվեստագետներից։ Այդ առումով որևէ օրիգինալ բան չեմ կարող ասել։ Իհարկե, բարձրագույն արժեքների ստեղծում։ Պետական կառույցների համար, հայաստանցիների համար սա կարևորագույն մոտեցումներից է»,- ասաց նախարարը։
Քննարկմանը ներկա բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանն ասաց, որ սկզբունքորեն կուզեր բացառել մրցակցային բառը մշակույթի և արվեստի դիսկուրսից, ընդհանրապես հանել այդ բառը։
«Պետությունը պետք է ունենա տեսլական, քաղաքական հեռանկար իր արվեստի ու մշակույթի զարգացման համար։ Մշակութային գործիչները, արվեստագետները չեն ասում՝ փող տվեք, փող տվեք։ Շատ նորմալ կընդունեն, եթե մշակույթի նախարարությունն ասի՝ հիմա ի վիճակի չեմ փող տալ, բայց փող չտալը չներկայացնի իբր գաղափարախոսություն, քաղաքականություն, իբրև ճիշտ ձև։ Բոլորը կհասկանան, եթե սոցիալական, տնտեսական վիճակը բարելավի, իրենք էլ շահող կողմ կլինեն։ Բայց գաղափարախոսությունը, քաղաքականությունը պետք է հստակ լինի։ Մրցակցություն չկա արվեստում, դա շուկայական, սպառողական հասարակության տերմին է, կուզենայի այդ բառը չլիներ, այլ բառեր տեղ գտնեին»,- նշեց Վ. Գրիգորյանը։
«Հայեր» համահայկական մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանի խոսքով, պետք է ունենալ հեղափոխություն մշակույթում։
«Եթե չունենանք հեղափոխություն ու փոխվի 15-րդ, 25-րդ նախարարը, ոչ մեկ գոհ չի լինի, քանի որ խնդիրը նախարարի մեջ չէ։ Ես տեսնում եմ՝ հեղափոխությունը մշակույթում պետք է արտահայտված լինի մշակութային քաղաքականության մշակմամբ։ Խորապես համոզված եմ, որ երկիրը պետք է ունենա մշակութային քաղաքականություն, ռազմավարություն, թե ուր է գնալու հասարակությունը տաս, քսան, հիսուն տարի հետ։ Պետք է ունենալ քաղաքականություն, որից բխեն օրենքները, որոնք կարգավորում են մշակույթի ոլորտը»,- ասաց նա։
Ա.Մանուկյանի խոսքով, այսօր մշակույթի կառավարման ոլորտում ունեն խորը սովետական մոդել, նույնիսկ բյուջետային համակարգը սովետական համակարգ է, բյուջեի մեջ բառերը, հոդվածները շատ սովետական են։
«Այդ մոդելը պետք է փոխենք, քաղաքականություն պետք է ունենալ»,- ասաց նա։
Լ. Մակունցն արձագանքելով ասաց, որ նախարարությունում որդեգրել են մի շարք քաղաքական ուղեծրեր, որոնց շուրջ պետք է ձևավորվի ռազմավարությունը։ Նա նաև նշեց, որ նախարարությանը կամ նախարարին կից պետք է ստեղծվի այնպիսի մարմին, որը, անկախ նախարարի փոփոխությունից, քաղաքական իրավիճակային փոփոխությունից, ունենա հստակ պատկերացում, թե ինչպիսի քայլերով պետք է շարժվել։
«Ընդհանուր քաղաքականությունը ներկայացնում է մշակույթի նախարարությունը, բայց այդ ռազմավարական ուղղությունները միասին, համատեղ պետք է մշակվեն տվյալ ոլորտում գործունեություն ծավալող մարդկանց հետ։ Այդ պատճառով մենք հիմա նախաձեռնել ենք նախարարին կից խորհրդի ստեղծում, որտեղ բոլոր ոլորտներից պետք է ներգրավված լինեն անձիք։ Պարտադիր պայմանն այն է, որ պետք է գործունեություն ծավալեն իրենց ոլորտում»,- ասաց Լիլիթ Մակունցը՝ ընդգծելով, որ բովանդակային թելադրանք, իհարկե, չի կարող լինել։
«Արվեստագետը պետք է լինի ազատ իր ստեղծագործության մեջ, պետպատվերներ, պատվեր իջեցնել, թե ինչ պետք է ստեղծագործել, ինչ ներկայացում ունենալ, չի կարող լինել և չպետք է լինի»,- ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։