Իդեալական մոդել չկա, յուրաքանչյուր մոդել ինչ-որ խոցելի տեղն ունի. Արմեն Ռուստամյան
«Ընտրակարգի հետ կապված մեր մոտեցումը բոլորին հայտնի է՝ կողմ ենք բաց համամասնական ցուցակով ընտրությունների անցկացմանը: Այս փուլում կարևոր է համեմատություն անցկացնել, քանի որ աշխարհում իդեալական մոդել չկա, ավելին՝ յուրաքանչյուր մոդել ինչ-որ խոցելի տեղ ունի»,- ԸՕ բարեփոխումների շուրջ խորհդարանական քննարկման ժամանակ այսօր ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մեր առաջարկած մոդելը՝ ընտրության գնալ բաց ցուցակով, հիմնական խնդիրն այն է, թե ինչպես են բաշխվում մանդատները կուսակցության ներսում: Բնականաբար բոլոր դեպքերում գործ ունենք համամասնական կարգի հետ, որն ասում է, թե կուսակցությունները համամասնորեն ներկայացված են ԱԺ-ում։
Բայց հարց է առաջանում, թե ինչպես են կուսակցության ձայները, վերածվելով մանդատների, բաշխվում կուսկացության ցուցակի մեջ: Այս առումով մեր առաջարկած մոդելի ամենամեծ առավելությունն այն է, որ սա անում է ժողովուրդը, այսինքն՝ ոչ միայն ձայն է տալիս կուսակցությանը, այլև ասում է, թե ինչպես կուսակցությունը պետք է բաշխի ձայները»,- ասաց Ռուստամյանը:
Դաշնակցական գործչի համոզմամբ, խնդիր կա նաև կուսակցությունների ներսում ժողովրդավարության հաստատման հարցում: Ռուստամյանի գնահատմամբ՝ ՀՀ-ում կուսակցական համակարգը դեռևս կայացած չէ:
«Այս խնդիրը լուծելու լավագույն ձևերից մեկը ժողովրդի մասնակցությամբ կատարելն է, ժողովրդավարությունը հենց դա է»,- ասաց Արմեն Ռուստամյանը։
Վերջում Արմեն Ռուստամյանը հռետորական հարցադրում կատարեց՝ ո՞վ է որոշել, որ իրավունք ունի ժողովրդին ինչ-որ քվոտաներ պարտադրել։
«Քվոտաներն ինքնին ժողովրդավարության հետ աղերս չունեն»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրական իդեալական համակարգ գտնելն անհնարին է. Դավիթ Հարությունյան
- Գործող ընտրակարգն ապաքաղաքականցրել է ընտրությունները. Նաիրա Զոհրաբյան