Մնացականյան. Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քայլերը կարող են, նաև պետք է հանդիսանան վստահության ամրապնդման գործիք
«Աղետները սահմաններ չեն ճանաչում, հետևաբար, դրանց արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ է անդրսահմանային իրական համագործակցություն ծավալել»: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ելույթ ունենալով Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում «Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրումները՝ որպես կայացած հասարակության ձևավորման միջոց» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը:
Հիշեցնենք, որ նախարարը Նյու Յորքում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում:
Նախարարության փոխանցմամբ, ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, ներկայացրել է Կայուն զարգացման օրակարգի և Աղետների ռիսկերի նվազեցման ՄԱԿ-ի համաշխարհային Սենդայի համաժողովի հռչակագրում ամրագրված առաջնահերթությունների շուրջ Հայաստանի տեսլականն ու այդ ուղղությամբ իրականացված քայլերը: Նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է ՄԱԿ-ի կողմից ստեղծված այս միջազգային հարթակը, որը հնարավորություն է ընձեռում միմյանց փոխանցելու աղետների ռիսկի նվազեցման ոլորտում երկրների ունեցած փորձառությունն ու լավագույն հմտությունները:
«Մեր տարածաշրջանն ունի և՛ բնական աղետների ողբերգական փորձ, և՛ դրանց հետևանքները հաղթահարելու ուղղությամբ գլոբալ և տարածաշրջանային համագործակցության օրինակներ: Մեր երկիրը 30 տարի առաջ ենթարկվեց ավերիչ երկրաշարժի: Ելնելով տարածաշրջանային փորձից՝ գիտենք, որ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քայլերը կարող են, նաև պետք է հանդիսանան վստահության ամրապնդման գործիք` ժողովուրդների և հասարակությունների միջև պատշաճ համագործակցությանը նպաստելու համար»,-ասել է նա:
Անդրադառնալով հունիսի 26-27-ը Երևանում կայացած Աղետների ռիսկի նվազեցման Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային երկրորդ պլատֆորմին և ընդունված Երևանյան հռչակագրին՝ Հայաստանի արտգործնախարարը նշել է. «Հռչակագրի կարևորագույն ուղերձներից մեկը տարածաշրջանային համագործակցության շեշտադրումն է՝ ուղղված աղետներին դիմակայելու կարողությունների ամրապնդմանը, մասնավորապես, տվյալների փոխանակման, հմտությունների ընդլայնման և փորձագիտական գիտելիքների փոխանակման միջոցով»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան