Նյութեր են նախապատրաստվում` Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժն արգելափակելու վերաբերյալ ահազանգի կապակցությամբ
Հ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում` հուլիսի 14-ին Գնդեվանքի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքի վերաբերյալ։ Հայտնում են քննչական կոմիտեից:
Աղբյուրը հիշեցնում է, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում 2018 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 18:46-ին, «Շտապ» խորագրի ներքո հրապարակվել էր տեղեկատվություն առ այն, որ «Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառնալիքներ են հնչեցնում։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում»։
«Նշված հրապարակման առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում քննության առարկա են դարձվել դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին՝ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-հայտնում են քննչական կոմիտեից:
Հարակից հրապարակումներ`
- Կոտրել են Տեր Վահրամի ֆեյսբուքյան էջը
- Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հանդիպել են Գարեգին Բ-ի հետ
- Տեր Վահրամ. Կաթողիկոսին վտանգ է սպառնում
- Տեր Վահրամ. Այսօր կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրը
- Վեհարան ներխուժածներից մեկի մոտ թմրանյութի նմանվող զանգված են գտել