Երևանում բացվեց Արամ Մանուկյանի արձանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Երևանի քաղաքապետի պաշոտանակարատ Կամո Արեյանն այսօր Երևանում ներկա են գտնվել Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը:
«Ի դեմս Արամ Մանուկյանի, մենք գործ ունենք նորագույն պատմության մեծագույն առաքեյալի հետ: Նա ծնվեց՝ իրականացնելու համար մի մեծ առաքելություն, այն է գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել ուժ, երբ թվում է, թե թևերդ թուլացած են, ծնկներդ ծալված են, ողնաշարդ կոտրված է: Արամ Մանուկյանը լիարժեք, լիովին կատարեց իր առաքելությունը, երբեք չապրեց իր ընտանիքի համար, ապրեց, պայքարեց ու հաղթեց իր ժողովրդի համար: Նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից փոխանցված հիվանդության արդյունքում»,-իր խոսքում ասաց վարչապետ Փաշինյանը:
Մինչ այդ Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ուղղեց ներկաներին:
«Այս հանդիսավոր արարողությամբ ոգեկոչվում է հիշատակը մեր ժողովրդի նվիրյալ ու վաստակյալ զավակի, ով մեր պատմության դժվարին ժամանակներում հերոսացավ հայրենյաց պաշտպանության մաքառումներում, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրության գործում բերած իր անդուլ ջանքերով ու կորովով: Նա սերունդ դաստիարակող ուսուցիչ էր, որ դարձավ իր ժողովրդի իրավունքների պաշտպան, Վանի ինքնապաշտպանության ջահակիր ռազմիկ, Վանի նահանգապետ, մեր հայրենյաց արևելյան փրկված հատվածում պետականության վերահաստատման առաջամարտիկ:
Նրա անունը մեր ժողովրդի համար անբաժանելի է դարձել մեկ դար առաջ արձանագրված մայիսյան հերոսամարտերի փառապանծ հաղթանակներից, անկախ պետականության վերակերտման պատասխանատվությունից ու ամբողջանվեր ջանքերից: Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակի այս տարում խորհրդանշական է՝ որպես երախտիք մեր ժողովրդի մեծ զավակին, որպես ազգանվիրումի ու հայրենասիրության ոգեշնչում այսօր ապրողներիս և մեր հետագա սերունդներին:
Թող Արամ Մանուկյանի լուսավոր կերպարը քաջալերություն ու ոգեշնչում լինի մեզ ամենքիս, ազգիս բոլոր զավակներին՝ Տիրոջ զորակցությամբ, միասնական ջանադրությամբ կերտելու հզոր պետություն՝ որպես ամուր վեմ ու պատվար մեր ժողովրդի նոր հաջողությունների, մեր արդար հույսերի ու մեր պայծառ ապագայի՝ այսօր և միշտ. ամեն»,-իր խոսքում մասնավորապես նշել է Կաթողիկոսը:
Բացի պաշտոնատար անձանցից բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին մշակութային գործիչներ, մտավորականներ, դաշնակցական գործիչներ, բազմաթիվ քաղաքացիներ:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Մանուկյանի արձանի տեղադրաման վայրի հետ կապված մշնախարարությունն այլընտրանքային առաջարկություն է անելու
- «Արամ Մանուկյանի արձանի տեղը՝ կլասիկ արձանի տեղ չի»
- Կոմիտեի հայտարարությունից հետո էլ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքներ են ընթանում
- Քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում դադարեցնել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները
- Հաղթած Արամ Մանուկյանի չհաղթած հուշարձանը, այնուամենայնիվ կտեղադրվի մայրաքաղաքում
- Արամ Մանուկյանի արձանի զոռով «ընտրության» տարօրինակ պատմությունը