Աշոտ Հակոբյանը կօժանդակի իրավապահներին՝ բացահայտելու «Հյուսիս-Հարավ»-ի չարաշահումները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր ծանոթացավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 Աշտարակ-Թալին հատվածի աշխատանքներին: Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն ասաց, որ այս այցի նպատակը մեկն է՝ նոր էջ բացել ներդրումային ծրագրի իրականացման դաշտում:
«Մենք բացում ենք նոր էջ, որտեղ կլինի միայն օբյեկտիվ տեղեկատվություն, կառուցողական աշխատանք, ճշգրիտ տվյալներ և փոխադարձ վստահություն»,- ընդգծեց նա:
Նախարարի խոսքով՝ մտադիր են «Հյուսիս-հարավ»-ի ներդրումային ծրագիրը դարձնել ավելի թափանցիկ ու ավելի ուժեղացնել հանրության վերահսկողությունը ծրագրի նկատմամբ:
«Այս և այլ ձևաչափերով մեր հանդիպումները կրելու են պարբերական բնույթ, որի շրջանակներում հաշվետվություն ենք ներկայացնելու ծրագրի ամեն ասպեկտի մասին: Մենք պատրաստակամ ենք մեր ամբողջ ներուժն ու կարողությունները ներդնել ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու և հասարակական վերահսկողությունն ուժեղացնելու համար»,- ասաց Աշոտ Հակոբյանը:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե տարիներ շարունակ «Հյուսիս-հարավի»-ի շրջանակներում չարաշահումներ են եղել, նախարարն ասաց, թե չի ուզում ասել՝ հափշտակություններ եղել են, թե ոչ, քանի որ դա իր լիազորություններից դուրս է, դրանով զբաղվում են իրավապահ մարմինները և, եթե այդպիսի չարաահումներ եղել են, ապա կբացահայտվեն. «Ես միայն կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ իմ օժանդակությունը կցուցաբերեմ այդ իրավախախտումները վեր հանելու հարցում: Կանեմ ամեն ինչ, որ այսուհետ նման իրավախախտումների կատարումը բացառվի»:
Աշոտ Հակոբյանը նաև հայտարարեց, որ պատրաստվում է ստեղծել հանրային հարթակ, որում կներգրավվեն ՀԿ ներկայացուցիչներ, որոնք անմիջական մասնակցություն կունենան մինչ օրս «փակ դռների հետևում» իրականացվող գործընթացներին: «Այսինքն՝ դրանք ոչ թե թաքուն են իրականացվել, այլ պարտադիր չի եղել այլ կազմակերպությունների կամ անձանց մասնակցությունը: Ուստի նախատեսում եմ ստեղծել նախարարին կից հանրային հարթակ, որում ներգրավված ՀԿ ներկայացուցիչները կմասնակցեն նախարարության կողմից հայտարարված մրցույթների անցկացմանը, ստուգումներին և այլն»,- ընդգծեց նախարարը: