«Հյուսիս-հարավ» ճանապարհի որոշ հատվածների ֆինանսավորման հարցը դեռևս լուծված չէ. նախարար
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» բաղկացած է 5 տրանշից, որից միայն երեքն ունի ֆինանսավորում, իսկ մնացած տրանշները դեռևս չունեն ֆինանսավորում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
Նախարարը նշեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհի մնացած հատվածի ֆինանսավորման հարցը դեռևս լուծված չէ, հետևաբար, անլուրջ է ծրագրի ավարտի մասին որևէ հայտարարություն անելը:
«Ծրագրի ավարտի մասին կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ մայրուղու ամբողջ ֆինանսավորման խնդիրը կհամարենք լուծված»,- ընդգծեց Աշոտ Հակոբյանը:
Այսպիսով, ըստ նախարարի, դեռևս ֆինսավորում չկա ճանապարհի չորս հատվածների մասով, մասնավորապես, Արտաշատ-Սիսիան հատվածի 175 կմ մասով, Սիսիան-Քաջարան հատվածի շուրջ 60 կմ հատվածի մասով, որն, ըստ նախարարի, ամենաբարդ հատվածն է, քանի որ անցնելու է թունելների, կամուրջների միջով, բացի այդ ֆինանսավորում չկա Գյումրիի շրջանցիկ հատվածի 23 կմ-ի և Գյումրի-Բավրա հատվածի 35 կմ-ի համար:
Աշոտ Հակոբյանը նշեց, որ նախնական հաշվարկով հայտարարվել է՝ ծրագրի իրականացման համար կպահանջվի շուրջ 1 մլրդ դոլար, սակայն ակնհայտ է, որ այդ գումարն ավելանալու է, քանի որ ցանկանում են գրեթե բոլոր հատվածներում առաջին կարգի ճանապարհ ունենալ:
«Եթե սովորական ճանապարհահատվածում 1 կմ արժեքը 3,6 մլն դոլար է, ապա բարդ ռելիեֆային հատվածներում այն 1 կմ-ի համար կազմելու է մոտ 12 մլն դոլար։ Թունելի 1 կմ-ի համար պահանջվում է 30 մլն դոլար, իսկ Քաջարանի հատվածում ունենք 24,9 կմ երկարությամբ թունելներ և 18,7 կմ երկարությամբ կամուրջներ»,- ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան