Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Միքայել Արզումանյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյաննը բացատրություններ ստանալու համար իր մոտ էր կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ կապված քաղաքական գործունեությամբ զբաղվելու հետ:
«Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով, և շեշտել են, որ իրենց աջակցում է նաև գեներալ Միքայել Արզումանյանը։ Նախաձեռնող խումբը նաև գեներալի հետ արված լուսանկար էր տեղադրել իր ֆեյսբուքյան էջում։