«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով բնակարան ստացավ Վանաձորի տնակային ավանում բնակվող Նալբանդյանների ընտանիքը
Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ՝ տեղի է ունեցել «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով գնված 22-րդ բնակարանի հանձնման արարողությունը:
Սրբազան Հոր խնդրանքին ընդառաջ՝ բնակարանը գնվել է պոլսահայ Ստեփան Պալըքի կողմից և իբրև նվեր հատկացվել է Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանում բնակվող Սուրեն Նալբանդյանի ընտանիքին՝ ի հիշատակ պոլսահայ Արմեն Պալըքի։ Այս մասին հայտնում են Գուգարաց թեմից:
Նալբանդյան ընտանիքը բաղկացած է 5 անձից: Ընտանիքի հայրը անհայտ է, ավագ որդին՝ երիտասարդ Սուրենը եղբոր հետ իր ողջ մանկությունը անց է կացրել տնակային ավանում։ Սուրենը ներկայումս ամուսնացած է, ունի դուստր։ Եղբայրը և մայրը ևս իրենց հետ բնակվում են փոքրիկ, նեղլիկ, կեցության տարրական պայմաններից զուրկ 27 քառ. մետր թիթեղաշեն տնակի մեջ։ Սուրենը տարբեր տեսակի աշխատանքներ է կատարում։ Կինը ևս տարաբնույթ աշխատանքներով խնամում է երեխային: Մայրը օրավարձով կատարում է տեխնիկական աշխատանք, Սուրենի եղբայրը ևս։ Ընտանիքի հիմնական ապրուստի միջոցը 28.000 դրամ նպաստն է։
Շարունակական տնայցերից, հանդիպումներից հետո Սեպուհ սրբազանը՝ հանձնախմբի հետ համախորհուրդ, որոշել է այս ընտանիքին ևս ապահովել բաղձալի բնակարանով։
Օրերս Նալբանդյան ընտանիքի բոլոր անդամները Սուրբ Մկրտությամբ որդեգրվել են Մայր Եկեղեցուն և որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ՝ տոնել են բնակարանամուտը: Սրբազան Հոր օրհնությամբ՝ նոր հանձնված բնակարանում Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օհան ավագ քահանա Լուսարարյանը կատարել է տնօրհնյաց արարողություն, որին ընտանիքի անդամներից զատ՝ ներկա էին նաև «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հանձնախմբի անդամներ՝ Վանաձորի քաղաքապետարանի հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը, «Առավոտ» բհկ տնօրեն Մարգարիտա Շահվերդյանը, «Խաչվող ուղիներ» բհկ տնօրեն Կամո Եգանյանը, Ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի անչափահասների գործերի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ռուդիկ Վարոսյանը, Գուգարաց թեմի Սոցիալական բաժնի աշխատակից Հռիփսիմե Միրզոյանը:
Արարողության ավարտին՝ Սրբազան Հայրը և ներկաները շնորհավորել են ընտանիքի անդամներին։ Սրբազան Հայրը երիտասարդ զույգերին հորդորել է աճելու, ամրանալու և մեծ ընտանիք դառնալու և միաժամանակ հայտարարել, որ առաջիկայում կհանձնվի ևս մեկ բնակարանը՝ արդեն բազմազավակ և դարձյալ տնակաբնակ մեկ ընտանիքի։
«Գուգարաց թեմի առաջնորդությունը, սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարաններ հատկացնելու որևէ պարտավորություն չունի և օգտվելով առիթից, կրկին տեղեկացնում ենք մեր ազգաբնակչությանը առ այն, որ «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով հատկացված բնակարանները գնվել են առաջնորդ Սրբազանի կամավոր հանձնառությամբ և Միացյալ Նահանգներից, Թուրքիայից, Գերմանիայից և Ռուսաստանից անմիջական մտերիմ բարեկամների ու ընկերների անհատական նվիրատվությամբ՝ իբրև խղճի պարտք, բացառությամբ վանաձորաբնակ Սամվել Քալաշյանի, Նունե Ղազախեցյանի և Մելսիդա Փարսադանյանի բնակարանների, որ նախորդ երկու տարիներին գնվել է վանաձորաբնակ ազգաբնակչության հանգանակությամբ»,- նշված է Գուգարաց թեմի տարածած հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան