ԵԽ․ Ադրբեջանում խոշտանգումները, անպատժելիությունն ու կոռուպցիան շարունակում են լինել համակարգային ու լայնածավալ
Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ, CPT) այսօր հրապարակել է Ադրբեջան կատարած 6 այցերի վերաբերյալ զեկույցները՝ 2004, 2012, 2013, 2015, 2016 և2017թթ․-ներին։ Այսօր այս բոլոր այցերի վերաբերյալ զեկույցները հրապարակվել են։
ԽԿԿ-ի բոլոր զեկույցներում ընդհանուր տպավորությունն այն է, որ Ադրբեջանում ոստիկանության, իրավապահ մարմինների, բանակի կողմից խոշտանգումները, ֆիզիկական վատ վերաբերմունքը, կոռուպցիան ողջ իրավապահ համակարգում ու անպատժելիությունը շարունակում է լինել համակարգային, տարածված ու էնդեմիկ։ 2017թ․-ին ժամանակավոր այցի արդյունքները ցույց են տալիս իրավապահ տարբեր մարմինների աշխատակիցների շրջանում ընդհանրացված բռնության մշակույթի գոյությունը։
Նշվում է, որ բացի այդ, գոյություն ունի նաև անպատժելիության ու վատ վերաբերմունքի պնդումների վերաբերյալ ոչ պատշաճ հետաքննության խնդիր, ինչպես նաև ձերբակալված անձանց համար անարդյունավետ իրավական երաշխիքներ, ինչպիսիք են փաստաբանի մատչելիություն, բժշկի հասանելիություն, իրավունքների վերաբերյալ տեղեկատվության ստացում և այլն։
Չնայած օրենսդրական բարեփոխումներին, հին բանտերի վերանորոգման ու նոր բանտերի կառուցման ջանքերին՝ առկա է բատների գերբեռնվածություն, նյութական աղքատ պայմաններ, ոչ բավարար բժշկական օգնություն։ Նշվում է, որ այս խնդիրները դժվարացնում են կոռուպցիայի դեմ պայքարն ու բանտարկյալների միջև բռնությունները։
Նշենք, որ ԽԿԿ-ի զեկույցները կազմվելուց հետո ներկայացվում են երկրին և միայն նրա համաձայնությամբ այն կարող է հրապարակվել։ Ադրբեջանն այս ողջ տարիներին թույլ չէր տվել, որպեսզի Եվրոպայի խորհուրդը հրապարակի իր երկրում խոշտանգումների վերաբերյալ զեկույցները և միայն այժմ է համաձայնել, որ զեկույցները հրապարակվեն, ինչը ԽԿԿ նախագահ Միկոլա Գնատովսկին ողջունել է ու այն դիտարկել որպես այս խնդիրների դեմ պայքարելու առաջին քայլ։