Մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթական համակարգը լավն է. Արայիկ Հարությունյան
Դպրոցները փորձում են լիցենզիաները համապատասխանեցնել իրենց ունեցած հզորություններին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ դպրոցներում վերանորոգումներ են սկսվել, փորձում են մասնաշենքերը համապատասխանեցնել շենքային հնարավորություններին:
«Իհարկե սա ժամանակավոր լուծում կլինի: Հաջորդ տարիներին, երբ լինի էլեկտրոնային գրանցում, դպրոցներն այլևս հնարավորություն չեն ունենա մեծ քանակությամբ, իրենց լիցենզիաներից ավելի աշակերտներ ընդունել: Ավելին, այն դպրոցները, որոնք այս պահին գերազանցում են աշակերտների թվով՝ իրենց սահմանված լիցենզիաներով նշված թվերը, նրանց հաջորդ տարի պարզապես կարող է թույլ չտրվի ունենալ ընդունելություն, մինչև կմարի ավագ դպրոցի կամ բարձր դասարանների աշակերտների թիվը, և նոր հնարավորություն կունենան ընդունելություն կազմակերպել»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ տարրական կրթական ծրագիրն իրականացնելու համար դպրոցը պետք է ունենա լիցենզիա. «Առաջին, երկրորդ երրորդ հերթի հարց չի քննարկվում այս պահին, քանի որ հերթերի սահմանման հետ կապված կարգն այնքան էլ հստակ չէ, և մենք դա էլ կհաստակեցնենք: Մեր նպատակն է, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթով, արդյունքում, ծնողների բազմաթիվ բողոքները չեն լինի: Սրանով նաև կլուծվի դպրոցների բեռնաթափման հարցը և մրցակցություն կառաջանա»:
Անդրադառնալով մինչև 10 աշակերտ ունեցող դպրոցների ճակատագրին՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ այդ դպրոցներն այս պահին գործում են, և փորձագետները նախագծեր են ներկայացնում:
«Նախորդ կառավարությունների ժամանակ, երբ փակում էին այդ դպրոցները, ասում էին, որ ֆինանսապես արդյունավետ չեն և դրա փոխարեն գումարը կարող են տրամադրել այլ դպրոցների, իսկ երեխաներին էլ մեքենաներով կտեղափոխեն այդ դպրոցները: Մենք կարծում ենք, որ ֆինանսական արդյունավետության հարցը կարող ենք լուծել հետևյալ կերպ, երբ տվյալ փոքր և հեռավոր համայնքներում ստեղծենք կրթամշակութային կենտրոններ, որն իր մեջ կներառի դպրոց, նախակրթարան, մանկապարտեզ, մշակութային կենտրոն: Ըստ էության, դա կդառնա տվյալ համայնքի կարևորագույն կենտրոններից մեկը»,- նշեց նա:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում ընդհանուր կրթական ցենզը շատ է ընկել, այդ թվում՝ նաև մեծահասակների շրջանում: Միջնաժամկետ կտրվածքով , ըստ նրա, նախատեսում են, որ տվյալ կրթական կենտրոնները նաև կրթական ծառայություններ կմատուցեն մեծահասակներին:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե հասարակության մի մասը ցանկանում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, նախարարն ասաց, որ այդ դեպքում հասարակության մի մասը պետք է ունենա կրթության և գիտության նոր նախարար: «Ես կողմ եմ 12-ամյա կրթությանը և հասարակության այդ հատվածին, չեմ ասում կարճ ժամանակում, բայց մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթական համակարգը լավն է»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳ նախարար. Չեխովի դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր
- «Ժամանակ». Չեխովի անվան դպրոցում տնօրինությունը գումարներ է պահանջում աշակերտներից
- Քաղաքապետարանը` Պուշկինի դպրոցից հեռացված ուսուցչի մասին
- Վիճաբանություն Պուշկինի դպրոցում. Անչափահասը դանակով հարվածել է իր հասակակցին
- Պուշկինի դպրոցի տնօրենը քաղաքապետի կարգադրությամբ խիստ նկատողություն է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան