Ինչպես է Երևանի կենդանաբանական այգու փիղը դիմակայում շոգին
Երևանի կենդանաբանական այգու միակ փիղը՝ Բունկան (այդպես են անվանել նրան Թբիլիսիի կենդանաբանական այգում) Երևանի կենդանաբանական այգի է եկել 2014 թվականի հուլիսի 8-ին: Երկրորդ անունը կամ մականունն է՝ Գրանտ 2-րդ:
«Երիտասարդը ծնվել է 2007 թվականի դեկտեմբերի 30-ին և օժտված է «այծեղջուր» նշանի տակ ծնված տղաներին յուրահատուկ բոլոր հատկանիշներով»,-նրան այսպես են բնութագրում կենդանաբանական այգու աշխատակիցները:
11 տարեկան կենդանին օրական կարող է ներս կլանել (ըստ սեզոնի) 100 կգ խոտ, 2 կգ բանան, 10 կգ գազար, 8 կգ ճակնդեղ, 10 կգ խնձոր, 3 կգ կաղամբ, 3 կգ դդմիկ, 10 կգ ձմերուկ, 5 կգ դդում, 5 կգ վարունգ, 2 կգ նարինջ և 2 կգ վարսակ:
«Այս ամենն ուտելուց հետո 24 ժամվա ընթացքում նա կարող է թողել 100-140 կգ... դե իմացաք :) Մարսողության ընթացքը տևում է 11-ից մինչև 46 ժամ: Օրական խմում է 100-200 լիտր ջուր (կախված եղանակից) և «հետ վերադարձնում» 42 լիտր»,-նման տվյալներ է հրապարակել այգին ֆեյսբուքյան իր էջում:
Աշխատակիցները նշել են, որ Բունկան սարսափելի ճշտապահ է, մանավանդ երբ խոսքն ուտելուն է վերաբերում:
«Եթե նրա խնձորի ժամին տանք ենթադրենք գազար, կամ իր սիրած վարսակի փոխարեն տանք մեկ այլ կեր, կերակրողը փղի «աչքի գրողը» կդառնա և հաջորդ խախտման ժամանակ, օրինակ, կարող է չպլանավորած ցնցուղ ընդունել: Բունկան այդ կերպ է արձագանքում կերակրի ուշացմանը կամ կերակրացանկի խախտմանը, կուտակում է ջուր ու կնճիթով շատրվանում խնամողի ուղղությամբ»,-նշում են այգուց:
Լողանալ ու ջրով ցողվել փղերն ընդհանրապես շատ են սիրում: Բայց այգու խելացին, որն ունի իր առանձին լողավազանը, հազվադեպ է այնտեղ լողում:
«Գիտե՞ք, թե ինչո՞ւ. որովհետև խնամողի կողմից ցողվելու ընթացքում ինքը գիտի, որ առնվազն 10 կգ խնձորի բոնուս է ստանալու: Իսկ այս պրացեդուրան պարադիր ամեն օր արվում է, քանի որ սրա ընթացքում նաև մշակվում են նրա եղունգները, դրան զուգահեռ նրա խնամողն ավելի ուշադիր և մոտիկից կարողանում է զննել կենդանուն, որպեսզի բացառի ինքնավնասման հնարավոր դեպքի պարագայում վերքերի առաջացումը կամ խորացումը:
Բացի լողալուց, որը դուք տեսնում եք, Բունկային ամեն օր պեդիկյուրի ծառայություն է մատուցվում. փղերը վայրի բնության մեջ օրական առնվազն 7 կմ ճանապարհ են անցնում կեր որոնելու համար: Այգում ինքը դրա կարիքը չունի, բայց դրա փոխարեն՝ քիչ քայլելու պատճառով չեն մաշվում նրա եղունգները. հենց դրա պատճառով էլ առաջ է գալիս դրանք մշակելու անհրաժեշտությունը:
Եվ քանի որ այս տարի ամառը պարգևեց մեզ շատ-շատ շոգ եղանակ, Բունկան ստիպում է խնամողին օրական երկու անգամ լողացնել իրեն՝ իր լոգանքի տեղում գալ-կանգնել-սպասելով»,-նշում են այգուց:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում