Չեմ թաքցնի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկություն ունեմ. ԱԱԾ տնօրեն
«Չեմ ասի՝ կհրաժարվեմ, կքննարկենք և առաջիկա օրերին կհայտարարենք»,- այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է իր թեկնածությունն առաջադրի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում:
«Եթե ես որոշեմ իմ թեկնածությունը դնել, ապա ավելի վաղ կհայտարարեմ»,- ընդգծեց նա:
Նշենք, որ օրեր առաջ լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական է տալու, սակայն հետագայում այն հերքվեց: Լրատվամիջոցների հետ զրույցում նա նշել էր, որ եթե Արթուր Վանեցյանն առաջադրվի, ինքը չի առաջադրվի:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ԱԱԾ տնօրենը ճանաչո՞ւմ է Ռուբեն Հայրապետյանին և հանդիպել է նրա հետ, Արթուր Վանեցյանն ասաց, որ այդ հայտարարությունից հետո մեկ անգամ նրա հետ կարճ հանդիպում է ունեցել:
Դիտարկմանը, թե շահերի բախում չի տեսնում, որ ուժային կառույցի ղեկավարը լինի նաև ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ես ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնելու վերջնական որոշում դեռևս չունեմ: Չեմ թաքցնի՝ ցանկություն ունեմ և մտածում եմ այդ ուղղությամբ, պատրաստ եմ առաջադրվել, իսկ թե կընտրվեմ, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, եթե այսօրվա ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները ինձ հավաստիացնեն, որ իրենք էլ դեմ չեն, որ ես լինել ՀՖՖ նախագահ: Առաջադրումը պետք է լինի բարձրագույն լիգայում խաղացող ակումբների կողմից: Եթե կցանկանան միասնական թեկնածու առաջադրել և կտեսնեն ինձ, ես սիրով կընդունեմ այդ առաջարկը»:
Լրագրողի դիտարկմանը, թե ՀՖՖ գործկոմի կազմում են Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը և այլ ՀՀԿ-ականներ, ԱԱԾ տնօրենն ասաց, որ գործոմի կազմն ամբողջությամբ կփոխվի:
Ւսկ այն հարցին, թե Հայաստանի հավաքականի երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում տեսնում են Յուրի Ջորկայեֆին, պատրա՞ստ է արդյոք զիջումների գնալ, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ այո: