Կամերային նվագախմբի ևերգչախմբի համատեղ համերգին կներկայացվեն վոկալ - սիմֆոնիկ պրեմիերաներ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը հուլիսի 20-ին, ժամը 19:00 հանդես կգան համատեղ համերգով: Այս մասին հայտնում են պտական կամերային նվագախմբի մամուլի ծառայությունից։
2017/18 համերգաշրջանի փակումն ազդարարող համերգային երեկոյին կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան) հանդես կգան դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Միջոցառումը կանցկացվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Ռոբերտ Մլքեյանի խոսքով՝ համերգային երեկոյին ունկնդիրը կվայելի կամերային վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների պրեմիերաներ: Ծրագրում ընդգրկված են Հայդնի, Մոցարտի գործերը:
Որպես մենակատարներ նվագախմբի ու երգչախմբի հետ հանդես կգան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Էռա Հովսեփյանը (սոպրանո), Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո-սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):
2017/18 համերգաշրջանի եզրափակիչ համերգից հետո կոլեկտիվները պատրաստվելու են 2018/19 համերգաշրջանում ներկայացնել ինքնատիպ ու հետաքրքիր նախագծեր: