Արցախյան հարցում Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները չեն կարող համերաշխ լինել. վերլուծաբան
Նիկոլ Փաշինյան-Լևոն Տեր-Պետրոսյան՝ երկու օր առաջ կայացած հանդիպումը հանրության շրջանում միանշանակ չընդունվեց։ Սոցիալական ցանցերում օգտատերերի գրառումներից պարզ դարձավ, որ մի մասն այդ հանդիպմանը դրական է վերաբերում, մյուսները շտապեցին կարծիք հայտնել, որ շատ հարցերում տրամաբանորեն հակառակ դիրքորոշումներ ունեցող մարդկանց հանդիպումն արդյունավետ չէր կարող լինել։
Պարզելու՝ կա՞ն կետեր, որտեղ Փաշինյան-Տեր Պետրոսյան գործիչների դիրքորոշումները կարող են հատվել՝ սկիզբ դնելով արդյունավետ փոխգործակցության, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց վերալուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ։
«2016 թվականի իրադարձությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ հայտարարություններ արեց Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին՝ կապված «Սասնա Ծռերի» գործողությունների հետ։ Նա նույնիսկ Տեր-Պետրոսյանին մեղադրեց Սերժ Սարգսյանի հետ դավադիր դաշնություն կազմելու մեջ՝ Լավրովի պլանն իրականացնլու համար։
Կարելի է ասել, որ վաղուցվանից, եթե, իհարկե, այդ դիրքորոշումը նույնն է մնացել, Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականությունը կիսելի չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Իհարկե, ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչ են խոսել, բայց կարծում եմ՝ դա Փաշինյանի կողմից եղել է ավելի շուտ Տեր-Պետրոսյանի տեսակտները լսելու, քան դրանց հետ համաձայնելու շուրջ հանդիպում։
Եթե հիշենք Կազանյան փաստաթղթի հետ կապված ՀԱԿ առաջնորդի հայտարարությունները, նա սկզբունքորեն դեմ չի եղել այդ առաջարկություններին, այն առումով, որ Լաչինի միջանցքի լայնության հետ կապված առարկություն է եղել։ Բայց քանի որ Լավրովյան պլանը մշակվել էր Կազանյան փաստաթղթի հիման վրա, և այս առումով մենք ունենք գործող վարչապետի կատեգորիկ կոշտ արձագանքը, կարելի է ենթադրել, որ վերջին կարգավորումների հետ կապված՝ Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները չեն կարող համերաշխ լինել»,- ասաց վերլուծաբանը՝ կրկին ընդգծելով, որ նրան, ինչին կողմ է եղել Տեր-Պետրոսյանը, կտրականապես դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանը։