Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, բայց ՀՀ-ն տուգանքներ է վճարում. վարչապետ
Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, նույնիսկ չեն մեկնարկվել, երբեմն կիսատ են մնացել, ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միաժամանակ վարչապետը նշեց, որ այդ վարկային ծրագրերով Հայաստանը վճարումներ է իրականացնում: «Այս իրավիճակը մենք պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք: Ես կխնդրեի, որ բոլոր նախարարներն իրենց նախարարությունների մասով պարզեն այսպիսի ծրագրերի գոյությունը և ցանկը ներկայացնեն ինձ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մի քանի նախարարներ քննարկումների արդյունքում նման իրավիճակ հայտնաբերել են:
«Այսինքն վարկային պայմանագիր է ստորագրվել, վարկի ծրագրի իրագործումը չի սկսվել, բայց Հայաստանը վճարումներ է անում: Կամ երկկողմ ու եռակողմ պայմանագիր է ստորագրվել, գործառույթների իրականացման պարտավորությունը մյուս կողմի վրա է, բայց իր պարտավորությունները չի կատարում, ինչի հետևանքով ՀՀ-ն վճարում է տուգանքներ: Սա մի իրավիճակ է, որ մենք խորությամբ պետք է հասկանանք, առնվազն տարօրինակ է, չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: