Բարդուխ Գաբրիելյան. Սևանի կանաչելն ահազանգ է
Սևանում բուռն ծաղկած ջիմուռների հետևանքով ջրի կանաչումը մասնագետները ահազանգ են որակում, Նրանք ընդգծում են՝ էկոհամակարգի լուրջ խնդիր կա, որի լուծման համար անհրաժեշտ է միջոցառումների համալիր ծրագիր:
«Կապտականաչ ջրիմուռները տոքսիկ են, թույն են արտադրում, բայց այնպես չի, որ թունավորում են շուրջ բոլորն ամեն ինչ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
Նրա խոսքով, ձկները ջրիմուռների արտադրած տոքսիկ նյութերից չեն թունավորվի, սակայն հնարավոր է թթվածնի պակաս ունենան, քանի որ օրգանական նյութերի քայքայման ժամանակ թթվածին են կլանում: Ճահճացած խորշերում թունավոր նյութերը կարող են ազդել ձկնկիթի վրա:
«Մարդկանց համար էլ են վտանգավոր, եթե կուլ տան ջուրը, վտանգավոր է: Բայց չեմ կարծում, որ մարդիկ այդ հատվածներում կարող են մտնել ու լողալ»,-նշեց նա:
Ինստիտուտի ղեկավարը նշում է, որ նման երևույթ եղել է ամեն տարի, սակայն այս տարի ծավալները մեծ են ու արտառոց:
«Սա ահազանգ է այն մասին, որ Սևանա լիճն անկայուն վիճակում է, որին հանգեցրել են նախորդ տարիներին արված փոփոխությունները»,-ընդգծեց մասնագետը:
Ջերմային բարձր ֆոնը, իհարկե, նպաստել է ջիմուռների բուռն զարգացմանը, սակայն քիմիկոսներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ լճում նաև ավելացել է ֆոսֆորի քանակությունը: Կան մարդիկ, որ պնդում են՝ Սևանա լճի ջրերի կանաչմանը նպաստել են նաև լիճ թափվող կոյուղաջրերը:
«Միայն կոյողաջրերը չեն, դրանք տասնյակ տարիներով գալիս են, ինչո՞ւ հենց այսօր նման իրավիճակ ստեղծվեց: Կենսածին տարրեր գալիս են նաև ջրահավաք ավազանից գետերով, մոտակայքում գործող օբյեկտներից: Դրան էլ գումարած ափամերձ գոտիներում մնացած բուսածածկ տարածքները, որոնք ժամանակին լավ չեն մաքրվել ու լրացուցիչ աղբյուր են հանդիսանում օրգանական նյութերի համար»,-մանրամասնեց Բարդուխ Գաբրիելյանը:
Խնդիրը լուծելու համար, մասնագետը պնդում է, առաջին հերթին պետք է կարգավորվեն ջրի բացթողումները: Կառավարությունը պետք է մի համապարփակ ծրագիր մշակի ու ներկայացնի, որով կկարգավորվեն ոռոգման, էներգետիկ հարցերը, արդյունքում էլ ջրերն ավելի արդյունավետ կօգտագործվեն:
«Մեր էներգետիկան, տնտեսությունն ու գյուղատնտեսությունը Սևանի ջրի պահանջն ունեն: Հնարավորին չափով պետք է նվազեցնել ջրի բաց թողումը, պահպանել ջրի բալանսը, որպեսզի մակարդակն ավելանա: Անցած տարի մենք ունեցանք մակարադակի իջեցում, ինչի հետևանքով էլ եղանակային պայմաններն այս չափով ազդեցին»,-անելիքները թվարկեց մասնագետը:
Ծրագրում, ըստ ինստիտուտի ղեկավարի, պետք է հնարավորինս թույլ չտվի գետերով դեպի լիճ եկող կենսածին տարրերի մուտքը, օրինակ մաքրման կայաններ պետք է տեղադրվեն, հարակից ռեստորանային ու հյուրանոցային օբյեկտներին պետք է պարտադրել, որ ունենան մաքրման համակարգեր:
Լճի վրա աշխատող գործընկերները Բ. Գաբրիելյանին երեկ հայտնել են՝ ծաղկած ջիմուռների մահանալու պրոցեսն արդեն սկսել է, կամաց-կամաց նստում են հատակին:
«Բայց դա չի նշանակում, որ խնդիրն անցել է, և հաջորդ տարի նույն վիճակը չի լինի: Չի բացառվում, որ խնդիրն ավելի բարդանա: Մենք պատրաստ պետք է լինենք, հույսներս չդնենք եղանակային պայմանների վրա: Պետք է քայլեր ձեռնարկենք, առաջին հերթին լճի մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»,-ասաց ինստիտուտի տնօրենը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը հանձնարարել է վերանայել Սևանա լճի շրջակայքում տարածքներ վարձակալած օբյեկտների պայմանագրերը
- Սևանի ջրի կանաչելու փաստով վարչական վարույթ է հարուցվել
- «Սևան» ազգային պարկի տնօրեն. Կանաչած Սևանի ջուրը մաքրելու համար որևէ միջամտություն չի լինի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին