Լավ կլիներ՝ տիկին Հովհաննիսյանն այստեղ ներկա լիներ և մեկնաբաներ իր կողմից ասվածը. Մարուքյան
«Լավ կլիներ՝ տիկին Հովհաննիսյանն այստեղ ներկա լիներ և մեկնաբաներ Կառավարությանը կից Ընտրական օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Դանիել Իոաննիսյանի հասցեին իր կողմից ասվածը»,- ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ այսօր ասաց «Ելք» դաշինքը ներկայացնող Էդմոն Մարուքյանը։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է բոլոր տեսակի նման մոտեցումները մի կողմ դնենք։ Վիրավորանքը անընդունելի է, որքանով էլ տիկին Հովհաննիսյանն իր գրառումն արել է և ներողություն է հայցել պարոն Իոաննիսյանից։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ զերծ մնանք նմանատիպ մոտեցումներից և խոսակցություններից։ Սա մեր հանձնաժողովի գործունեությանը ոչ մի կերպ չի նպաստում»,- Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ երեկ «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել էր Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ իր ելույթի տեսանյութը։ Տեսանյութում լսելի էր, որ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասում. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։
Ավելի ուշ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին (պարզ չէր՝ ի վերջո ինչի մասին է քննարկումը), և որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երևույթը (գուցե անհաջող եմ ձևակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ և բնականաբար հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա»։
Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը քննարկումից բացակայում է արտերկիր հանգստի մեկնելու կապակցությամբ։ Նա ֆեյսբուքի իր էջում այսօր տեղեկացրել էր, որ արդեն երեք օր է `մեկնարկել է իր պաշտոնական արձակուրդը, իսկ այսօր ինքը մեկնում է երկրից` պլանավորած հանգստի: Նա նաև հայտնել էր, որ այս ընթացքում ուշադրության կենտրոնում կպահի ընտրական օրենսգրքի մշակմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքները և կարճ ժամանակ անց կմիանա գործընկերներին: