Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում. Փաշինյանը՝ կոռուպցիայի մասին
«Ապշած եմ, թե Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալների է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինձնից շատ Հայաստանում կոռուպցիայի թեմայով խոսող պատգամավոր ու լրագրող շատ քիչ է եղել, բայց ես հիմա ապշած եմ ուղղակի: Նույնիսկ մեկ-մեկ ասում էի՝ էնպես չլինի, որ ասեն՝ դե ընդդիմություն է, պետք է չափազանցնի: Դրա համար ես շատ դեպքերում այդ քննադատության սրության մեջ ինձ սահմանափակել եմ, բայց ես այսօր ապշած եմ, թե Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալների է: Դա ուղղակի աներևակայելի է : Իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին ուղղակի ծիծաղելի է թալանի իրական մասշտաբների համեմատ, որ Հայաստանում տեղի է ունեցել և տեղի է ունենում: Սա ահավոր մի երևույթ է»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ վարչապետ ընտրվելուց հետո անցել է երկու ամիս, բայց ինքն ամեն օր զարմանում է. «Ինչքան հասկանում եմ, դեռ 4 ամիս էլ զարմանալու եմ, թե տենց բան ո՞նց է հնարավոր, էդ լո՞ւրջ եք ասում: Պատկերացնում եք՝ ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որն ինձ զարմացնում է, ես հրաժարվում եմ հավատալ այդ տեղեկություններին, մինչև ինձ չեն բերում ասում՝ ապացույց մեկ, ապացույց երկու, ապացույց երեք»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրեր առաջ պետական կառավարման մարմիններից մեկի ներկայացուցչին ասել է, որ էլ չշարունակի, չի կարող մեկ օրում այդքան տեղեկություն ստանալ ու հոգեկան հավասարակշռությունը պահել:
«Խնդրում եմ հենց հիմա դադարեցրու: Երբ ինքը հանում էր, հանում էր թղթեր, ապացույցներ, ֆոտոներ, վիդեոներ: Ես ասում էի՝ էսօր ինձ հերիք է, ցտեսություն, հաջողություն, գնացեք ուրիշին պատմեք, էլ չեմ կարող լսել, բայց սա իրականություն է: Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում, ու դա այն վարչապետն է, որն իր քաղաքական ու լրագրողական գործունեության ընթացքում անընդհատ հայտարարել է՝ թալանվում է երկիրը, կոռուպցիա է, բեսպրեդել է: Վարչապետին բերում են տեղեկություններ, որին ինքը հրաժարվում է հավատալ, որ կարելի է այդ աստիճանի լկտի լինել… և ոլորտներում, որտեղ չես կարող հավատալ»,- ընդգծեց Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին