Արտահերթ ընտրություններն ամենաուշը տեղի կունենան 2019 թվականի մայիսին
«Ամենաուշը, որ տեղի կունենան արտահերթ ընտրությունները 2019 թվականի մայիսն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե որոշ քաղաքական վերլուծաբաններ ասում են՝ որքան ժամանակն անցում է, մարդկանց էյֆորիան նվազում է, վարչապետը չհամաձայնեց այս տեսակետների հետ. «Հավաստիացնում եմ, որ ինչքան ժամանակը գնա, մարդկանց էյֆորիան մեծանալու է»:
Ինչ վերաբերում է ընտրությունների անցկացման ժամկետին, Փաշինյանն ասաց, որ դա կախված է քաղաքական իրավիճակից, հնարավոր է՝ մի ամսում անգամ անհրաժեշտություն առաջանա և ընտրություններ անցկացվեն:
Այդուհանդերձ, ըստ նրա, արտահերթ ընտրությունները տեղի կունենան մոտ 11 ամսվա ընթացքում. «Ավելի կոնկրետ, ապա դա կախված է բազմաթիվ հանգամանքներից, մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ ամենաուշ ժամկետը, որ տեղի կունենան ընտրությունները մյուս տարվա մայիսն է»:
Վարչապետի խոսքով՝ իրենց համար կարևորն այն է, որ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը լինի լիարժեք լեգիտիմ:
Դիտարկմանը՝ ինչպե՞ս են ապահովելու, որ ընտրությունների ժամանակ նախկին ընտրախախտումները չկրկնվեն, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախկին ընտրախախտումների կապակցությամբ հարուցված է քրեական գործ:
«Ես բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում՝ թող համագործակցեն իրավապահ մարմինների հետ: Հայաստանում առանց բավարար ապացույցների որևէ մեկը չի դատվելու, նույնիսկ, եթե ՀՀ գործող վարչապետը նախկինում կոնկրետ հայտարարություն է արել, որ այսինչը հանցագործ է: Դա քաղաքական հայտարարություն է եղել: Հայաստանում օրինականության հաստատման ճանապարհին խոչընդոտ չի լինելու և մեր խնդիրը ոչ թե մարդկանց դատելն է, բանտերը լցնելը, այլ Հայաստանում օրինականություն հաստատելն է: Ես համոզված եմ, որ իրավապահ մարմիններն արդյունքներ կունենան»:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակները՝ Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար. վարչապետ
- Կարծում եմ՝ մինչև ընտրությունները դրամատիկ քայլերի չենք գնա. Նիկոլ Փաշինյան
- Ադապտացիայի շրջան է, լինելու են չհարմարվող մարդիկ. վարչապետ