Ադապտացիայի շրջան է, լինելու են չհարմարվող մարդիկ. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ կառավարության վարած կադրային քաղաքականությանը։
Նրա խոսքով՝ նոր կառավարությունում գործում են երեք խումբ մարդիկ, առաջինը նոր մարդիկ են, երկրորդը՝ հին մարդիկ, երրորդ խումբում ընդգրկված են այն մարդիկ, որոնք լինելով հին ժամանակներում աշխատած մարդիկ՝ նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը։
«Մենք պետք է արձանագրենք, որ նոր իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը, ընդ որում, սա վերաբերում է բոլորին։ Այս իրավիճակը նոր է հին և նոր, ինչպես նաև այն կադրերի համար, որոնց համար կարգավիճակային փոփոխություններ են տեղի ունեցել։ Կառավարության իմ վարած կադրային քաղաքականության ամենակարևոր խնդիրը եղել է հեղափոխության անցնցում հաղթանակը ֆիքսելը»,- ասաց վարչապետը։
Այսպիսով, ըստ նրա, հիմա տեղի է ունենում ադապտացիայի շրջան և այս շրջանում լինելու են մարդիկ, որոնք հարմարվելու են իրավիճակին, լինելու մարդիկ, որոնք չեն հարմարվելու. «Սա անխուսափելի է, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, ուղղակի շարքային փոփոխություն չէ, այլ գործելաոճի, աշխատաոճի, նպատակների, ազգային և պետական ամբիցիաների փոփոխություն է և այս իրավիճակը կանխատեսվել է շատ փոքր խումբ մարդկանց կողմից։ Մնացածների համար սա անկանխատեսելի իրավիճակ է»։
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ ուղիներ պետք է փնտրեն ազգային լավագույն ներուժը Հայաստանի կառավարման համակարգում ընդգրկելու համար։
Նա նաև նշեց, որ նախատեսում են ձևավորել «Կադրային բանկ», որը լայն հնարավորություն կբացի և Հայաստանի, Սփյուռքի լավագույն կադրերի համար։