Չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակները՝ Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար. վարչապետ
«Տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը միշտ առկա է եղել և մենք պետք է պատրաստ լինենք նման զարգացումների»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումից պարզ դարձավ, որ ՌԴ-ն ցանկանում է վերակենդանացնել «Լավրովյան պլանը»:
«Բոլորս էլ հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում: Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար: Ես համոզված եմ, որ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը, հետևաբար, չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակները՝ Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»,- նշեց վարչապետը:
Անդրադառնալով սահմանի լարվածությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն ամեն օր կարող է փոքր-ինչ ավելանալ ու պակասել: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ:
«Դա կարող է մի օր կրակոցներով արտահայտվել, հաջորդ օրը՝ ոչ: Կրակոցների վիճակագրությունը շատ հաճախ նույնիսկ սովորականից շատ ավելի ցածր է լինում, բայց դա չի նշանակում, որ այդ օրվա մեջ ռազմաքաղաքական իրավիճակը փոխվեց»,- ընդգծեց վարչապետը: