Առաջարկված մոդելներից ընտրում ենք ՀՅԴ-ի առաջարկած մեխանիզմը. Դավիթ Հարությունյան
Ընտրական օրենսգրքի շուրջ արված բոլոր առաջարկներից ՀՀԿ-ն նախապատվությունը տալիս է ՀՅԴ-ի առաջարկին: Այս մասին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:
«Գործընկերների քննադատությունը գալիս է այլ տեղից: Օրինակներն ամենևին չեն վկայում, որ ընտրակարգը վատն է։ Դուք մեծամասնականի տրամաբանություն եք փորձում կիրառել, երբ համամասնականի տրամաբանությունն այլ է: Ես կարող եմ ապացուցել, որ նման մտահոգություններն անտեղի են: Անտեղի է «Ծառուկյան» դաշինքի մտահոգությունը, որ իրենց քվեաթերթիկներն իբրև հանվել են ընտրատարածքից: Ես հասկանում եմ, որ ՀՀԿ-ականները հիմա բոլորի կարծիքով «բոբո» են, և հորինել են մեխանիզմներ, որ պահանջում են վերահսկող ցանցեր ստեղծել։ Բայց քվեախցիկում այնքան շատ քվեաթերթիկ կա, որ հանել դրանք իմաստ չունի։ Այնտեղ «Ծառուկյան դաշինքի» բավական շատ քվեաթերթիկ կա»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ի պատասխան արձագանքեց, որ շատ ընտրատեղամասերում իրենց քաղաքական ուժը ներկայացնող քվեաթերթիկներ առհասարակ չեն եղել։
Հարությունյանը խնդրեց օրինակներ բերել՝ թեկուզ մեկը, և խոստանում է հանել տեսախցիկների ֆիքսած կադրերը՝ մանրամասն ուսումնասիրելու նյութը։
Արդարադատության նախկին նախարարի խոսքով, ՀՀԿ-ն առաջարկում է Ընտրական օրենսգրքի մի մոդել, որը վերացնում է կարևոր երկու թերություն. «Առաջինը, որ մենք ընտրողին հնարավորություն չենք տալիս որոշելու, թե ովքեր պետք է կուսակցության ցուցակից գնան խորհրդարան, երկրորդ՝ ապահովել տարածքային ներկայացվածություն: Եթե համեմատեմ առաջարկված երեք մոդելները՝ կառավարության, «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի մոդելները, կարծում եմ, որ կառավարության ու «Ծառուկյան» դաշինքի մոդելներն ունեն այս թերությունները, որնց մասին խոսեցի։ Իսկ ՀՅԴ-ի մոդելն ունի մեկ թերություն»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Դավիթ Հարությանյանը շեշտեց, որ թեև ՀՀԿ-ի առաջարկը ինչ-ինչ պատճառներով ոչ ոք չպաշտպանեց, իրենք առաջրկված մոդելներից ընտրում են ՀՅԴ-ի առաջարկած մեխանիզմը, քանի որ այն առավել ժողովրդավար է:
«Այս պարագայում, եթե մենք ստիպված լինեինք ընտրություն կատարել առաջարկվածներից, կպաշտպանեինք ՀՅԴ-ի առաջարկը, կարծելով, որ պետք է խուսափել կուսակցական վերնախավի գերիշխանությունից: Սա մոդել է, որը հնարավորություն է տալիս ուժեղացնելու ներկուսակցական ժողովրդավարությունը»,- շեշտեց նախկին նախարարը։