Բացառում եմ ԼՂ կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի ժողովրդի համար. վարչապետ
Ես բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար», - այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ մեթոդական սխալ են թույլ տալիս, երբ ՀՀ կառավարության որևէ ներկայացուցչի հարցնում են` «արդյոք Արցախի հակամարտության կարգավորման հարցում տարածքներ կարգավիճակի դիմաց լուծումն ընդունելի՞ է ձեզ համար, թե՞ ոչ»:
«Երբ որ ասում ենք փոխզիջումային տարբերակ, փոխզիջում, նշանակում է, որ կա երկու կողմ, որը պատրաստ է որոշակի փոխզիջումների: Ես ուզում եմ հասկանանք՝ ինչու ենք մենք ուզում քննարկել մեր պատրաստակամությունը փոխզիջման գնալու, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ փոխզիջման։ Երբ որ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը նույնպես հակված է փոխզիջման, կամ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք այն ժամանակ կքննարկենք, ընդ որում՝ ոչ թե կառավարության մակարդակով, այլ, այսպես ասած, ազգովի՝ մեզ համար փոխզիջման ի՞նչ սահման գոյություն ունի: Ես բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար։ Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը, չի կարող, եթե նույնիսկ շատ ուզենա», - ընդգծեց նա:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մանրամասներին՝ Նիկոլ Փաշինյանն այն որակեց օգտակար։
«Առաջին նախագահն ասել է, որ ցանկություն ունի ինձ հետ որոշ հարցեր քննարկելու, ես հրավիրել եմ նրան կառավարական առանձնատուն՝ հյուրերի ընդունելության համար նախատեսված վայրը, նստել ենք, սուրճ ենք խմել, զրուցել ենք, քննարկել ենք։ Արցախի հարցի վերաբերյալ ինքը փորձել է ինձ տալ տեղեկություներ, որոնք մտածել է, որ կարող է ինձ հայտնի չլինել, դա շատ օգտակար զրույց էր: Բայց ասեմ, որ ինքն ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռևս հայտնի չէին»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ իր առաջին գործերից մեկը եղել է այն, որ ամբողջական տեղեկատվություն ստանա Արցախի խնդրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Դրա համար, ըստ նրա, հանդիպել է արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: «Ես, Էդվարդ Նալբանդյանն ու Զոհրաբ Մնացականայանը հանդիպել ենք, քննարկել ենք, նախկին նախարարը տեղեկություններ է տվել մեզ: Չեմ բացառում, որ նման հանդիպում ապագայում էլ կլինի, քանի որ հնարավոր է նոր հարցեր ծագեն ասաց նա:
Լրագրողների հարցին՝ արդյոք նախկին նախագահների հետ էլ կհանդիպի, վարչապետն ասաց, որ առաջին նախագահի ցանկությամբ են հանդիպել, եթե այլ ցանկություններ լինեն, ինքը դա կքննարկի: Դիտարկմանը՝ իր կողմից հանդիպելու ցանկություն չկա՞, Նիրկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին ինքը դրա անհրաժեշտությունը չի տեսնում, բայց նաև չի բացառում, որ ցանկացած պահի դրա անհրաժեշտությունը կլինի:
Հարակից հրապարակումներ`
- Կարծում եմ՝ մինչև ընտրությունները դրամատիկ քայլերի չենք գնա. Նիկոլ Փաշինյան
- Ադապտացիայի շրջան է, լինելու են չհարմարվող մարդիկ. վարչապետ