Կարծում եմ՝ մինչև ընտրությունները դրամատիկ քայլերի չենք գնա. Նիկոլ Փաշինյան
«Մենք ամեն ինչ արել ենք՝ պետական համակարգի կայունությունը չխաթարվի, կառավարման համակարգում էլ բալանսավորման պետք է գնանք այնպես, որ կայունությունը չխաթարվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մտադրություն ունի հրաժարվել սուպերվարչապետական լիազորություններից և բալանսավորել ՀՀ նախագահի և վարչապետի լիազորությունները։
Նրա խոսքով՝ երբ ժամանակին ինքն ասում էր, որ այս համակարգով ավելի հեշտ է իշխանափոխություն անելը, քան նախորդ համակարգով, շատերն իրեն մեղադրում էին։
«Այդ մասին հայտարարել եմ նաև որպես վարչապետի թեկնածու։ Պետք է բոլորս գիտակցենք , որ դա մի օրում տեղի չի ունենալու, քանի որ եթե մեկ օրում տեղի ունենա կամ տեղի ունենա այնպես, որ չապահովվի պետական համակարգի կայունությունը, մենք կունենանք շատ լուրջ խնդիրներ»,- նշեց վարչապետը։
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի և վարչապետի լիազորությունների բալանսավորմանը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ունի արարողակարգային գործառույթներ և բալանսավորումը պետք է տեղի ունենա ոչ չէ նախագահի և վարչապետի միջև, այլ՝ կառավարության և Ազգային ժողովի միջև, քանի որ սա է խորհրդարանական համակարգի տրամաբանությունը։
«Եթե որևէ մեկը մտածում է, որ որևէ պետություն կարող է ունենալ երկու ղեկավար, ապա դա այդ պետության վերջն է։ Հայաստանում պետությունը չի կարող ունենալ երկու ղեկավար։ Հայաստանում այսօր հաստատված է խորհրդարանական համակարգ, և պետության պատասխանատվությունը և կառավարումը դրված է վարչապետի վրա», - նշեց վարչապետը։
Նա նաև ասաց, որ ճիշտ կլինի, եթե նախագահի ինստիտուտի համար ևս մեկ կամ երկու արարողակարգային լիազորություններ ավելացնեն։
«Կարծում եմ, որ մինչև ընտրությունները դրամատիկ քայլերի չենք գնա և, կարծում եմ, որ այսօր կառավարությունն ունի մանդատ՝ իրականացնելու հեղափոխության բոլոր նպատակները։ Այսօր պետք է հստակ արձանագրել, որ իշխանության որևէ այլ թև չունի լեգիտիմության այնպիսի աստիճան, ինչպիսին ունի կառավարությունը։ Սա իրողություն է, որը պետք է հաշվի առնել և մենք պարտավորված ենք զգում ժողովրդի տված մանդատը իրագործել, այդ թվում՝ սուպերվարչապետական համակարգը քայլ-քայլ վարչապետական համակարգի վերածելու համար։ Եւ մենք դա անպայման կանենք»,- ընդգծեց նա։