Տնտեսական զարգացումն ապահովելու ենք այնպես, ինչպես արեցինք հեղափոխությունը. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 207 հազար քաղաքացու աշխատավարձը 5 հազար դրամով ավելացրել են:
Հարցին, թե ժամանակավոր կառավարությանը կհաջողվի տնտեսական օգուտները հասցնել քաղաքացիներին, վարչապետն ասաց, որ մարդկանց կենսամակարդակը կապված է տնտեսության վիճակի հետ և կառավարության խնդիրը ներառող տնտեսական համակարգ ձևավորելն է:
«Դա նշանակում է, որ եթե իշխանությունը մեկին տվել էր արտոնություն, որ այդ մեկն ունենա մենաշնորհային ոլորտ ու մեծ հարստություն կուտակի, մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ այդ մենաշնորհային ոլորտում ձևավորվող արդյունքը բաշխվի հնարավորինս մեծ թվով մարդկանց միջև»,- ընդծեց վարչապետը:
Նրա խոսքով՝ մարդիկ պետք է զգան, որ տեղի է ունեցել տնտեսական իրավիճակի, պայմանների էական փոփոխություն:
«Մենք պետական եկամուտների աճ ենք ապահովում: 2018 թվականի պետական բյուջեով սուբվենցիաների համար գումար նախատեսված չի եղել, մենք արդեն այսօր 10 մլրդ դրամ ենք ուզում դնել, որ դրանք ծախսվեն համայնքների կարիքների համար: Կոռուպցիայի դեմ պայքարում 1,5 ամսում 20 մլրդ դրամ գեներացրել ենք, այդ գումարը մտնելու է բյուջե և ծախսվելու է մեր պետական կարիքների համար: Այդ գումարները պետք է այնպես ծախսենք, որ մարդիկ զգան դա: Պարտադիր չէ, որ դա մարդիկ զգան հինգ հազար դրամ ավելացնելով: Մենք այսօր արդեն 207 հազար քաղաքացու աշխատավարձը 5000 դրամով ավելացրել ենք, եթե նրանք այդ փոփոխությունը չեն զգում, նշանակում է, որ խնդիրը 5 կամ 10 հազար դրամով աշխատավարձը ավելացնելը չէ, այլ տևական և կայուն զարգացում ապահովելը և մենք այդ ճանապարհով ենք գնում: Ո՞նց ենք մենք պատրաստվում ապահովել տնտեսական զարգացումը, այնպես ինչպես արեցինք հեղափոխությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: