Արսեն Մկրտչյան. Փաստագրում ենք դատարանի նկատմամբ քողարկված ճնշում գործադրելու յուրաքանչյուր դեպք
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը կարծում է, որ դատավարության որոշ մասնակիցներ իրենց նպատակին փորձում են հասնել քողարկված հրապարակումներով ու դրանց միջոցով ճնշում գործադրել դատարանի վրա:
Ֆեյսբուքյան իր էջում դատարանի նախագահը մասնավորապես գրել է. «Անկախ Դատարանը, շատ ու շատ անձանց շահերի հետ համադրելի չէ, քանի որ նրանք չեն կարողանում հետապնդված շահին հասնել իրենց համար հասկանալի մեթոդներով: Դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, դատավարության որոշ մասնակիցներ իրենց նպատակին փորձում են հասնել քողարկված հրապարակումներով: Դատավարության մասնակիցներին, հատկապես նրանց ներկայացուցիչներին,
հորդորում ենք զերծ մնալ նման գործելաոճից: Նման գործելաոճը կարող է հետապնդելի լինել Օրենքով: Մենք խնամքով փաստագրում ենք դատարանի նկատմամբ քողարկված ճնշում գործադրելու յուրաքանչյուր դեպք:
Հարգելի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ.
Խնդրում եմ նկատի ունենալ վերոգրյալը և զերծ մնալ նմանօրինակ նպատակ հետապնդող հրապարակումներից: Հասկանալի է, որ շատ դեպքերում Ձեզ չեն բացահայտվում իրական նպատակները, բայց անանուն մտավարժանքները «կոռուպցիոն փաթեթավորմամբ» հանրությանը մատուցելիս՝ խնդրում եմ մի պահ խորհել հրապարկման իրական նպատակի մասին»:
Արսեն Մկրտչյանը հստակ որևէ օրինակ չի նշել: Գրառման վերաբերյալ տարակուսանք է հայտնել փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նրա խոսքով, Արսեն Մկրտչյանը՝ որպես դատավոր և դատարանի նախագահ պետք է կանգնած լինի խոսքի ազատության իրավունքի պաշտպանության գլխավերևում, այլ ոչ թե գրաքննության կոչեր անի։
«Եթե առկա է կոնկրետ հրապարակման մեջ որևէ իրավախախտում, ապա դրանից բխող իրավական գործընթացները Ձեզ քաջ հայտնի են։ Եթե չեք դիմում այդ ընթացակարգերի և չեք բացահայտում կոնկրետ իրավախախտումը, ապա նման հայտարարությամբ միայն կասկածի տակ եք դնում Ձեր, որպես դատավորի, անաչառությունը և անկողմնակալությունը»,-կարծիք է հայտնել Աթանեսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում