ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, հանդիպել աշխատակիցների հետ, ծանոթացել աստղադիտարանի ընթացիկ գործունեությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ աշխատանքների ու ծրագրերի, միջազգային համագործակցության մասին:
Աշխատակիցների հետ անմիջական զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ատղադիտարանի զարգացման տեսլականի շուրջ: Նախագահը կարևորել է առաջնահերթ խնդիրների ձևակերպումն ու առաջիկա տասնամյակների համար հստակ տեսլականի ձևավորումը:
«Ընդհանուր տեսլական ունենալը կարևոր է. պետք է իմանալ, թե տասը կամ քսան տարի հետո որտեղ պետք է լինի Բյուրականը»,-նշել է նախագահը՝ առաջարկելով որոշել առաջնահերթությունները, ծրագրեր ներկայացնել և պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել աստղադիտարանին:
Նախագահը շրջել է նաև աստղադիտարանի տարածքում, այցելել Վ. Համբարձումյանի տուն-թանգարան, զրուցել աշխատակիցների հետ, ովքեր տեղեկացրել են, որ այս տարի արդեն շուրջ 6000 այցելու են ընդունել: