Դեսպան. Ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը Հայաստանում վկայում է երկրի անվտանգ լինելու մասին
Հայաստանն ահաբեկչական սպառնալիքների և հանցավորության այլ դրսևորումների տեսանկյունից անվտանգ է: Նման կարծիք է հայտնել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հանդիպմանը:
ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, դեսպանը դա համարել է ԱԱԾ համակարգի արդյունավետ աշխատանքի արդյունք:
Դեսպանը նաև նշել է, որ ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը Հայաստանում վկայում է երկրի անվտանգ լինելու մասին:
Ծառայության մամուլի կենտրոնի փոխանցմամբ, ԱԱԾ տնօրեն Ա.Վանեցյանն իր ցավակցությունն է հայտնել դեսպան Յամադային՝ վերջերս Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների զոհերի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում տնօրենը պատրաստակամություն է հայտնել տեղեկատվության և փորձի փոխանակման հարցի շուրջ համագործակցել Ճապոնիայի հատուկ ծառայությունների հետ:
Արծարծվել է նաև հատուկ ծառայությունների համար նախատեսված ճապոնական հատուկ տեխնիկայի ձեռքբերման հարցը: ԱԱԾ տնօրենը հույս է հայտնել, որ հանդիպումն ամուր հիմք կհանդիսանա Հայաստանի և Ճապոնիայի հատուկ ծառայությունների միջև համագործակցության և փոխգործակցության համար՝ ի նպաստ երկու պետությունների շահերի: